▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ, որտեղ առաջնային գործիքը դարձել է ընդդիմադիր քաղաքական կենտրոնների չեզոքացումը։ Վաղ առավոտից սկսած Գագիկ Ծառուկյանի տան և բիզնեսների խուզարկությունները, Ռոբերտ Քոչարյանի մուտքի արգելումը՝ դրա ցուցադրական հրապարակայնացմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող կալանքը, ընտրություններից անմիջապես առաջ Արմեն Աշոտյանի կալանավորումը, ինչպես նաև Բագրատ Սրբազանի շուրջ մեկ տարի շարունակվող ազատազրկումը մեկ ընդհանուր շղթայի օղակներ են։
Այս զարգացումները, իրականում, անակնկալ չէին։ Ընդամենը մեկ ամիս առաջ, ԱԺ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը բաց տեքստով հայտարարում էր, որ «պատերով է տալու» իր բնորոշած «պատերազմի եռագլուխ կուսակցությանը», «կտրելու է հրեշի գլուխները», «բոմժ է սարքելու», «ունեզրկելու է» և այլն։ Այսօր այդ հայտարարություններն աստիճանաբար վերածվում են գործնական քայլերի։
Ուշադրության արժանի էր նաև ԱԺ-ում Փաշինյանի վերջին ելույթը, երբ նա, նայելով ընդդիմադիր հատվածի դատարկ աթոռներին, հայտարարեց, թե «պատերազմի կուսակցությանը» տրված ավելի քան 500 հազար ձայները խնդիր են, քանի որ արտաքին աշխարհին պետք է բացատրել, թե ինչպես է Հայաստանում այդքան մարդ աջակցում «պատերազմին»։ Այս միտքը շատերի ուշադրությունից դուրս մնաց, սակայն այն կարևոր քաղաքական ուղերձ էր։ Փաշինյանը փաստացի ներկայացնում է ներքաղաքական ընդդիմության գոյությունն իբրև արտաքին գործընկերների հետ իր բանակցային խնդիրներից մեկը՝ փորձելով այն նույնացնել ոչ թե այլընտրանքային քաղաքական դիրքորոշման, այլ «պատերազմի» հետ։
Այս համատեքստում առավել հասկանալի է դառնում նաև Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ իշխանության ցուցաբերած հետևողականությունը։ Գործող խորհրդարանական դասավորվածության պայմաններում նման գործընթացը գործնականում կյանքի կոչել հնարավոր չէ, հետևաբար Նիկոլի համար առաջնահերթ խնդիր է դառնում այդ դիմադրության հնարավոր կենտրոնների թուլացումը։
Այս ամենը նաև վերջնականապես փլուզում է 2018 թվականի «սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխության» մասին տարիներ շարունակ կառուցված առասպելը։ Այդ թեզը, ինչպես պարզվեց, ընդամենը քաղաքական փաթեթավորում էր։ Բավական է հիշել 2008 թվականի մարտի 1-ի իր հրապարակային ելույթները, որտեղ հնչում էին բախումների, դիմադրության և ուժային հակամարտության կոչեր։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը շատ ավելի նման է այդ ժամանակվա Փաշինյանին, քան այն քաղաքական կերպարին, որը փորձեց ներկայացնել 2018 թվականին։
Ավելին, տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ամիսներին ներքաղաքական ճնշումներն էլ ավելի են խորանալու։ Չեմ բացառում, որ Նիկոլի թիրախում կհայտնվեն նաև լրատվական դաշտը, հանրային կարծիք ձևավորող հարթակներն ու քաղաքական ակտիվության այլ կենտրոններԻշխանությունը ձգտում է հնարավորինս վերահսկելի քաղաքական միջավայր ձևավորել այնպիսի փուլից առաջ, որի առանցքում, մեծ հավանականությամբ, Սահմանադրության փոփոխության հարցն է։ Այլ կերպ ասած՝ սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու։
Հավելեմ, որ այս գործընթացներն ունեն ակնհայտ արտաքին հասցեատեր։ Բնավ պատահական չէ, որ Ծառուկյանի դեպքը տեղի է ունենում Փաշինյանի ՌԴ այցի օրը, դրանով նաև ուղերձ է փոխանցում․ ըստ որի՝ Հայաստանում քաղաքական դաշտի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծել բացառապես իր հետ։
Եվ վերջում, եթե ընդդիմությունը (առաջին հերթին մանդատակիր) ցանկանում է այս ամենին արդյունավետ հակազդել, ապա պետք է ամբողջ շղթան դիտարկի մեկ ընդհանուր քաղաքական նախագծի համատեքստում և իր գործողությունները կառուցի այդ տրամաբանությամբ՝ համադրելով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական պայքարի գործիքները»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին