▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյան. «Փորձում եմ նյարդերս անջատած ապրել»

 Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Սոֆի Մխեյանը:

 

- Ո՞ րն է եղել Սոֆի Մխեյանի մանկության տարիների երազած մասնագիտությունը:

-Երբ արդեն բավական մեծ տարիքում էի, անչափ  ցանկանում էի հոգեբան դառնալ,  բայց այդ ժամանակ  հաճախում էի երաժշտական ուսումնարան, և թերևս  երաժշտական կրթություն ստանալն էլ ճանապարհս «շեղեց» դեպի երգարվեստ և ընտրեցի երգչուհու մասնագիտությունը, որին ես ամենևին էլ դեմ չեմ, բայց կցանկանայի նաև հոգեբանի մասնագիտություն ունենալ:

-Ամենամեծ խենթությունը, որ արել եք կյանքում:

-Եթե հաշվի առնենք, որ  բարձրությունից թռչելը, սողունների միջով անցնելը, փոքրիկ ինքնաթիռով պտույտներ կատարելը և այլ նմանօրինակ բաները  խենթություններ են, ապա իմ կյանքում դրանք  անպակաս են եղել:

 -Երբևէ զղջացե՞լ եք Ձեր արած քայլերի համար:

-Չէ, երբեք: Ես փորձում եմ քայլել առաջ, նայել առաջ  և շարժվել առաջ, երբեք չեմ ցանկանում փոշմանել այն ամենի համար, ինչ արել եմ, այլ  փորձում եմ ի կատար ածել  այն ամենը, ինչը, ըստ իս,  ճիշտ է և հնարավոր:

-Իսկ կարողանո՞ւմ եք հասնել ցանկալի արդյունքի:

- Փառք Աստծո, դեռ բողոքներ չկան.  կամաց-կամաց իրականանում են բոլոր երազանքներս. պարզապես պետք է նպատակասլաց լինել:

 -Աշխատասիրություն թե ընդունակություն. ո՞րն է Ձեզ համար առավել կարևոր: 

-Ընդունակ լինելը շատ կարևոր է, բայց եթե աշխատասեր չես, ապա բավարար արդյունքի հասնելը անհնար է դառնում:

-Ո՞րն է Սոֆի Մխեյանի հաջողության հասնելու բանալին:

-Անչափ մեծ սերը իր աշխատանքի և, առհասարակ, այն ամենի նկատմամբ, ինչը նա անում է: Իմ յուրաքանչյուր արարքի մեջ ներդրած է սեր, ցանկություն ու աշխատասիրություն: Թերևս` սա է իմ հաջողության բանալին:

-Դիմացինի մեջ, ո՞ ր հատկանիշներն են Ձեզ համար առաջնային և ո՞ ր հատկանիշները չեք ընդունում:

-Առաջնային են` նվիրվածությունը, դրական վերաբերմունքը դիմացինի նկատմամբ ու անկեղծությունը:  Չեմ ընդունում`  կեղծավորությունը և  դավաճանությունը: 

- Կա՞ ինչ-որ նյութական արժեք, որը չունեք, բայց կցանկանայիք ունենալ:

-Ես նյութապաշտ չեմ, բայց, իհարկե, կան բաներ, որոնք չունեմ և կցանկանայի ունենալ, ինչի համար հնարավորինս  փորձում եմ  աշխատել ու ձգտել դրան: Իսկ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, եթե կա ձգտումը և ցանկությունը:

- Ձեր բնավորության ո՞ ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն, այսինքն` բնավորության ո՞ր գծից կցանկանայիք հրաժարվել:

- Ես կարծում եմ, որ թշնամի չունեմ, իսկ եթե ունենայի  բնավորությանս ոչ մի գիծն էլ չէի ցանկանա նվիրել:  Չնայած կհրաժարվեի  շատ քնելուց, ինչը ժամեր է խլում և լավ կլիներ,  որ այդ ժամանակը առավել օգտակար ձևով ծախսվեր:

- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Այս պահին չեմ կարողանում մտաբերել որևէ մեկը: Բայց եթե  ժամանակին իմ մասին ասեկոսեները քննարկում էի,  ապա այսօր դրանց սովորական  եմ վերաբերվում:  Հայտնի լինելը, և, այսպես ասած,  քեզանից ինչ-որ բան ներկայացնելը,  նշանակում է, որ ասեկոսեները  պետք է անպակաս լինեն քո կյանքից: Անմիտ, երբեմն էլ` խելքի մոտ ասեկոսեներին, իսկապես, լուրջ չեմ վերաբերվում,  չեմ ուռճացնում ու չեմ դարձնում քննարկման առարկա:

Իրականում այդ ասեկոսեները շատ-շատ են,  որոնք  ավելի շատ զվարճացնում են,  քան` տխրեցնում: 

 

- Գիրք կամ ֆիլմ, որը հեղափոխել է Ձեր մտքերը:

-Յուրաքանչյուր ֆիլիմ կամ գիրք հեղափոխել է  մտքերս  դիտելուց կամ ընթերցելուց անմիջապես հետո, իսկ հետագայում` ոչ: Պարզապես փորձում եմ բոլոր գրքերից ու ֆիլմերից քաղել այն կարևորը, որը, ըստ իս, որ ճիշտ է և պիտանի, քանի որ կան ֆիլմեր կամ գրքեր,  որոնք հեղափոխում են քեզ բացասական առումով:

-Ի՞նչը կարող է ամենաշատը նյարդայնացնել  Ձեզ, ի՞նչը` ուրախացնել:

-Այսօր քիչ բաներ են  ինձ նյարդայնացնում: Քանի որ  իմ ասպարեզում նյարդայնացնող երևույթները շատ են` սկսած մարդկանց հետ շփումներից մինչև հարաբերություններ, ես դրանց թեթև եմ վերաբերվում. փորձում եմ նյարդերս անջատած ապրել, քանի որ դրանք հետագայում չեմ կարողանանա վերադարձնել:

Իսկ կարող է ուրախացնել  յուրաքանչյուր բան` սկսած ժպիտից միչև լավ խոսքեր. ինձ շրջապատող գեղեցիկը:

-Ի՞նչ գին ունի ընկերությունը Ձեզ համար:

-Կարծում եմ, որ ընկերությունը գին չունի. այն  անգին է:  Ուղղակի ընկերությունը պետք է փայփայել, քանի որ  այն  շատ թանկ է: Դու պետք է ուրախ ու հպարտ լինես, որ կարողանում  ես <<զգալ>>  <<ընկերություն>> երևույթը:  

Հեղինակ` Անի Բեքիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին