▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Խաչատրյանի եւ նրա որդու շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում.«Ժողովուրդ»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Մինչ հանրությունը ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է մարզպետի որդուն պատասխանատվության ենթարկել, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մայիսի 9-ի հաղթանակի տոնին ընդառաջ՝  տոնակատարության է պատրաստվում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի կենտրոնական մասում Հարութ Զաքարյանը վիճաբանել էր մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո տղաները գնացել էին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք: Նշված տարածքում տղաներին էին միացել այլ անձինք, եւ սկսել էր վիճաբանություն, որն ավարտվել էր ծեծկռտուքով: Այս ամենի արդյունքում Հարութը աչքի շրջանում ստացած վնասվածքներից կանգնել է տեսողության կորստի առաջ, եւ նրա հարազատները տեսողությունը վերականգնելու համար պատրաստվում են տղային տեղափոխել արտերկիր: Քաղաքապետի նախկին թեկնածու, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, գործարար Տիգրան Կարապետյանը, մեկնաբանելով Հարութ Զաքարյանի հետ տեղի ունեցածը, զգուշացնող հաղորդագրություն էր ուղարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին. «Եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ եւ համարժեք»: Նշենք, որ Սյունիքի մարզային դատախազությունում փաստի առթիվ մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` երեկ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունը այս գործով անցնող անձանց ծանուցագիր է ուղարկել՝ հարցաքննության ներկայանալու համար, որի մեջ է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Իսկ կներկայանա՞ մարզպետի որդին քննչական կոմիտե, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, որ Սուրեն Խաչատրյանը եւ նրա որդին հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:

2013թ հունիսի 1-ին մարզպետի տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Այս գործով կալանավորվեցին մարզպետի որդին եւ թիկնապահը, սակայն ամեն ինչ  կարճ տեւեց, եւ նրանց ազատ արձակեցին: Ավելին՝ ապրիլի 7-ին գրել էինք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել էր ոստիկանության Սյունիքի մարզի վարչություն եւ հայտնել, որ մարզպետի տղան իրեն սպառնացել է մորթել: Այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Հուսանք, որ գոնե վերջին երկու դեպքերի քննությունը չի ավարտվի գործերի կարճմամբ՝ հանցակազմի բացակայության կամ այլ հիմքով:

Ավելին՝ այնպես չի լինի, որ մարզպետի որդու փոխարեն դատարանի առաջ կանգնեն միանգամայն այլ մարդիկ:   

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին