Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով հնարավոր է՝ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի՝ դատակոչելու Սերժ Սարգսյանին, Սուրիկ Խաչատրյանին եւ Գորիսի նախկին ոստիկանապետին:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:
Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի՝ դատարանում ցուցմունք տալիս, ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը անակնկալ հայտարարություն էր արել: Նա, մասնավորապես, նշել էր, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Ըստ Գարեն Աթաջանյանի ցուցմունքի՝ 2015 թվականին մյուս ամբաստանյալը՝ Հենրիկ Ավագյանը, հանդիպում է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Աթաջանյանի խոսքով՝ նպատակը եղել է այն, որ դրա դիմաց մարզպետը լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում ունեցած խնդիրները, որ դիմում գրել տար գյուղապետին այն մասին, որ վերջինիս փոխարեն նշանակվեր Հենրիկ Ավագյանը: Իսկ մարզպետի շահագրգռվածությունը, ըստ Աթաջանյանի, եղել է այն, որ գործի մեջ ներգրավվեն Բուդաղյանները եւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի՝ այդ ժամանակվա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, այլ խոսքով՝ ամեն ինչ բեմադրվել էր նրա համար, որ մեղադրյալի աթոռին հայտնվեին Բուդաղյանները եւ Մաքսիմ Հակոբյանը:
Ցուցմունք տալիս Աթաջանյանը պատմել էր նաեւ, որ նախաքննության ավարտական փուլում քննիչը մարզպետի հետ միասին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ինքը գտնվել է: Քննիչի դուրս գալուց հետո, երբ Աթաջանյանը մենակ է մնացել մարզպետի հետ, վերջինս թղթի վրա գրել է Մաքսիմ Հակոբյանի անուն-ազգանունը՝ ասելով, որ նա պետք է տա նաեւ այդ մարդու անունը, որ պետք է ասի՝ իբր պատվերը ստացել են ոչ միայն Բուդաղյաններից, այլ նաեւ Մաքսիմ Հակոբյանից: Աթաջանյանի խոսքով՝ ինքը հրաժարվել է դա անել, ինչից հետո մարզպետը հայտնել է, որ այդ հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, եւ ասել է՝ եթե նա Մաքսիմ Հակոբյանի անունը չտա, ապա ցմահ մնալու է բանտում:
Ինչ վերաբերում է Գորիսի նախկին ոստիկանապետին, նա եւս նախաքննության փուլում հայտարարել էր, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ մահափորձ իրականում տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել նմանակում, որը կազմակարպվել է Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ենթադրյալ դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:
2016 թվականից քրեական գործը գտնվում է դատարանում, սակայն ինչպես պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց մեր զրույցում, արդեն 4 դատական նիստ հետաձգվել է, քանի որ դեռեւս չեն ստացվել համալիր փորձաքննության արդյունքները:
Հիշյալ փորձաքննությունը նշանակվել է 2019 թվականի հուլիս ամսին: Նման միջնորդությամբ հանդես էր եկել հենց պաշտպան Հովհաննիսյանը՝ այն պատճառաբանությամբ, որ նախաքննության փուլում նշանակված փորձաքննության արդյունքները հակասել են քրեական գործի նյութերին: Էական հակասությունները վերաբերել են նրան, որ ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակվել է ձախ կողմից, մինչդեռ ավտոմեքենայի աջ կողմին դրսից ներս ուղղությամբ առկա են կրակոցների հետքեր: Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որոնք առկա չեն իր մարմնի վրա եւ հակառակը: Երրորդ էական հարցն էլ, որ բարձրացվել է փորձաքննությամբ, Սուրիկ Խաչատրյանի դիմապակու վրա մոտ հինգ տասնյակ փամփուշտների առկայությամբ մարմնական վնասվածքներ չստանալու հավանականությունն է:
Մեր հարցին՝ արդյո՞ք չի լրացել փորձաքննության ողջամիտ ժամկետը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, լրացել է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրկնակի համալիր փորձաքննություն է՝ տարբեր բնագավառների փորձագետների ներգրավմամբ, կարծում եմ՝ կարող ենք մի քիչ էլ սպասել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում