Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները նախօրեին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն տեղեկատվություն են հաղորդել ընտանիքի և հարազատների մասին:
Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ նշելով, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել ԿԽՄԿ Երևանյան գրասենյակում, որի ընթացքում Հակոբի նամակը փոխանցվել է հարազատներին:
Նամակում մասնավորապես գրված է, որ ամեն ինչ նորմալ է, սակայն շատ է կարոտում հարազատներին.
«Սպասեք մի փոքր, ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հավաստիացրել է, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան