▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտի վիրահատությունը Հայաստանում էժանանում է


Հայաստանի սրտային վիրաբուժությունը տուժում է բարձր գների պատճառով: Հիվանդները նախընտրում են բուժվել արտերկրում ավելի մատչելի գներով: Պատասխանատուները վիճակը շտկելու քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում գներն արդեն նվազել են:

Եթե նախկինում արտերկրից էին գալիս Հայաստան` սրտի վիրահատություն իրականացնելու, ապա այսօր ավելի շատ նկատվում է Հայաստանից այդ նպատակով արտերկիր մեկնելու միտումը: Ոլորտի մասնագետների համոզմամբ` պատճառը բացառապես վիրահատության թանկ արժեքն է: Սրտի վիրահատություն իրականացնող բոլոր բուժհաստատություններն ապահովված են բարձրակարգ մասնագետներով, տեխնոլոգիաներով, բայց ստենտավորման սարքավորումների գնի պատճառով սրտի վիրահատությունը մեր երկրում մատչելի չէ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` ստենտավորման սարքավորումներ Հայաստան է ներկրում 9 կազմակերպություն, ուստի, նախարարի հավաստմամբ, շուկան մրցակցային է, գերշահույթները բացառված են: Այդուհանդերձ, մատակարարների հետ քննարկումների արդյունքում գները զգալիորեն նվազել են: «Նախարարությունը վերջին 1 տարվա ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ քննարկումներ, մասնավորապես՝ բժշկական պարագաներ ներկրողների և բժշկական կենտրոնների հետ, և այդ քննարկումների վերլուծությունների արդյունքում առաջինը Գյումրու բժշկական կենտրոնը կարողացավ գներ իջեցնել», — ասաց նախարարը:

2015թ-ի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում Գյումրու բժշկական կենտրոնն ընդգրկվեց սրտի վիրահատություններ իրականացնող հիմնարկների ցանկում, իսկ այս տարվա օգոստոսի 1-ից սրտի վիրահատության արժեքը նվազեց 300 000 դրամով: «Գյումրիում ընդհանրապես չկար այդ ծառայությունը, և շատերը Երևան չէին էլ գալիս, ու մարդիկ մահանում էին: Եվ շատ կարևոր էր ոչ միայն ծրագիրը, այլև դրա շարունակականությունը: Ուստի, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդկանց հոսքն ավելանա»,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Օգոստոսյան էժանացումից հետո Գյումրիում մեկ ստենտավորման արժեքը 1 200 000 դրամ է: Բժշկական կենտրոն դիմողների քանակը, տնօրենի խոսքով, շուրջ 80%-ով ավելացնել է: Գյումրու օրինակին հետևելու մասին այսօր հայտարարեց նաև Երևանի ՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնը: Տնօրեն Ասատուր Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ սրտի վիրահատությունը սեպտեմբերի 1-ից կէժանանա 50 %-ով:

«Շուրջ 1 800 000 դրամ արժողությամբ ստենտը և 220 000 դրամանոց հետազոտությունը մեր կենտրոնում այսուհետ կարժենա 1 100 000 դրամ: Իսկ երկու ստենտը, որն արժեր 2 800 000 դրամ, գումարած 220 000 դրամանոց հետազոտությունը, այսօրվանից կարժենա 1 550 000, այսինքն՝ կես գին»,- ասաց տնօրենը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ սրտի վիրահատությունների էժանացման օրինակին կհետևեն նաև այդ ծառայությունը մատուցող մյուս բուժհիմնարկները: «Հավատացնում են ձեզ, որ շուկան կկարգավորի այս հարցը։ Մենք փորձում ենք այս բանակցությունների ընթացքում շատ հստակ դիրքորոշում պահել, որ սրտային վիրաբուժությունը մեր երկրում ձեռքբերումներից մեկն է եղել, և հայկական սրտային վիրաբույժների անունն այսօր պետք է նոր հաստատում ստանա»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի քաղաքացիներին բուժվել Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շնորհիվ արդեն հաջողվել է փրկել 2500 կյանք: 

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին