▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրել եմ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմումը. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու դիմումը։

«Բարեկամներ,

Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։

Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։

Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»։

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է հուլիսի 17-ին, իսկ դիմում գրելու մասին տեղեկացրել էր դեռ հուլիսի 16-ի երեկոյան:

Հիշեցնենք նաև, որ Կարպիս Փաշոյանի անվան շուրջ աղմուկ բարձրացավ ապրիլյան պատերազմի հերոսների անունները շահարկելու մասին նրա հայտարարությունից հետո.

«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա։ Ինձ թվում է՝ չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ասել էր նա Civilnet-ի տաղավարում:

Հավելենք նաև, որ ստեղծված աղմուկից հետո Կարպիս Փաշոյանը պարզաբանեց իր խոսքերը և պատասխանեց դրա վերաբերյալ համացանցային օգտատերերի քննադատություններին՝ նշելով հետևյալը.

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի, արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է: Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ»:

Կարդացեք նաև՝ Չեմ կարող կասկածի տակ դնել Ռոբերտ Աբաջյանի և մյուսների հերոսությունը. փոխվարչապետի խոսնակը՝ աղմկահարույց հարցազրույցի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին