▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շվեդ պատգամավորները ցեղասպանության մեղադրանքով Էրդողանի դեմ հայց են ներկայացրել

Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն: Այս մասին տեղեկացնում է քրդական «ANF» լրատվակայքը: Պատգամավորները Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) որոշ այլ առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների և ռազմական հանցագործությունների մեջ: Ներկայացված հայցում նշվել է, որ 2015թ. հուլիսից մինչև 2016թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը Շըրնաք, Սիլոպի, Ջիզրե և Սուր բնակավայրերի մի շարք շրջանները գետնին է հավասարեցրել՝ սարսափ տարածելով ժողովրդի շրջանում և նրանց իրենց բնակավայերից տեղահանելով:

Որպես ապացույց ներկայացվել են ՄԱԿ-ի, «Amnesty International» և «Mazlum Der» իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև՝ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կողմից հրապարակված զեկույցները և նշված վայրերում ավերածություններից ու կոտորածներից հետո արված լուսանկարներ: Շվեդիայի 2014:406 օրենքի սահմաններում Էրդողանին սպառնում է 4 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ ցեղասպանության, 6 տարվա ազատազրկում՝ անմարդկային միջոցների կիրառման և 6 տարվա ազատազրկում՝ ռազմական հանցագործությունների համար: Շվեդ պատգամավորների պնդմամբ՝ Քուրդիստանում տեղի ունեցած ցեղասպանության հիմնական պատասխանատուն հենց Էրդողանն է:

Սակայն նրա հետ որպես հանցակիցներ են մատնանշվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ներքին գործերի նախկին նախարար Էֆկան Ալան, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը: Շվեդիայի օրենքների համաձայն՝ ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործված հանցանքների վերաբերյալ 2014:406 օրենքը կարող է կիրառվել այդ հանցանքը կատարած ցանկացած մեկի դեմ՝ անկախ հանցանքի կատարման երկրից:

Այդ իսկ պատճառով վերոնշյալ անձիք Շվեդիա այցելելու դեպքում ներկայացված հայցի հիման վրա կարող են դատարանի առաջ կանգնել: Շվեդական մամուլը լայնորեն անդրադարձել է շվեդ պատգամավորների այս քայլին: Թեման քննարկման է դրվել երկրում ամենից շատ հանդիսատես ունեցող TV4 հեռուստաալիքի եթերում: Հաղորդմանը մասնակցած իրավաբանները նշել են, որ Էրդողանին և նրա թիմակիցներին շատ ծանր մեղադրանքներ են առաջադրվել և Շվեդիա այցելելու դեպքում նրանք կարող են ձերբակալվել:

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին