▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի թյուրքական միջանցքն օրակարգում է․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՍՅՈՒՆԻՔՈՎ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մայիսի 30-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն, ով Բաքվում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Հորադիզ կայան՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Խոսքը Արցախի հարավային՝ մերձարաքսյան շրջանով դեպի Սյունիք կառուցվող երկաթուղու և ավտոմայրուղու մասին է, որի կառուցումը ոչ միայն վստահել են թուրքական շինարարական ընկերություններին, այլև բուն գործընթացն, ըստ էության, համակարգում է Թուրքիան։

Թուրքիայի ներգրավվածության նման բարձր աստիճանը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ վերոնշյալ տրանսպորտային նախագիծը պետք է դառնա Սյունիքով թուրքական միջանցքի հիմնական հատվածը (շուրջ 120 կմ)։ Տեղում ասուլիսի ժամանակ նախարար Քարաիսմաիլօղլուն ևս մեկ անգամ հաստատեց, որ «Նախիջևանի միջանցքի» (Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են մի քանի անուն Սյունիքով անցնող միջանցքի համար՝ «Զանգեզուրի», «Նախիջևանի», «Մեղրիի», «Թյուրքական» և այլն) բացումն ընթացքի մեջ է և այն դառնալու է «Թուրքիայի համար ալտերնատիվ ճանապարհ»։

Դրանից մի քանի օր առաջ՝ մայիսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանի Տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս. Նովրուզովը հայտարարեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի առջև կանգնած 4 հիմնական խնդիրներից մեկը «ինչ գնով էլ լինի՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է», որին պետք է ծառայեն Ադրբեջանի բոլոր ջանքերը։

Հունիսի 1-ին ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններին ներկայացնող փոխվարչապետ Մ. Գրիգորյանը, անդրադառնալով Սյունիքով թուրքերին տրամադրվող միջանցքին, հերթական անգամ փորձեց մանիպուլացնել՝ պնդելով, որ «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, ապա դա բացառվում է։ Մեր քննարկումների հարցերի շրջանակում կարծում եմ` դա զուտ տերմինի խնդիր է»։ Հարցն իբր տեղափոխելով տերմինների դաշտ՝ կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչը հերթական անգամ մոռացավ նշել, որ իրենց կողմից Սյունիքով թշնամուն տրամադրվող ճանապարհի անվտանգությունը, ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն հայտարարության, ապահովելու է ոչ թե հայկական կողմը, այլ երրորդ երկիր, ինչը հենց միջանցք է, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ։

Այս երեք փաստերը հերթական անգամ վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար ճնշում են Հայաստանին՝ Սյունիքով միջանցք տրամադրելու հարցում, այլև այդ ուղղությամբ անում են անհրաժեշտ շինարարական աշխատանքը (տե՛ս կից ներկայացված քարտեզը թուրք նախարարի վերոնշյալ հանդիպումից (մանուշակագույն միջանցքի հատվածն է)։ Սյունիքով միջանցքն ներկայումս Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր գերակայությունն է, որը վերջինիս դարձնելու է տարածաշրջանային գերտերություն, իսկ մեզ մի քանի տարուց վերջնականապես զրկելու է ոչ միայն Սյունիքից, այլև պետականությունից։

Միջանցքի գաղափարին այս պահին ընդդիմանում են տարածաշրջանի տարբեր դերակատարներ՝ Իրանից մինչև Ֆրանսիա, սակայն դրան կողմ է կապիտուլյանտն ու իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Հենց սա է պատճառը, որ տեղեկատվական դաշտում թուրքամետ իշխանության ներկայացուցիչները ամեն օր լցնում են նոր «աղմկահարույց թեմաներ», որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը իրապես մեր գլխավոր խնդիրներից՝ Սյունիքով թուրքերին խոստացված միջանցքից և կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթից։ Երկուսն էլ աղետ են Հայաստանի համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին