▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թագուհին և ոչ թագավորական կյանքը

Բնական լույսի հետ քնող Սպիտակաջուրը մոմից բացի այլ լուսատու ունի արդեն։ Թագուհին Սպիտակաջուրի փոքրիկներից է, ով համացանցից հեռու այս գյուղում շարունակում է գրքեր կարդալ եւ բանաստեղծություններ արտասանել:

«Սիրում եմ ես երկինքը մուգ, ջրերը ջինջ լիճը լուսե
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում»:

Չարենցյան տողերը կարծես իրենց արտացոլանքն են գտնում, կապուտաչյա այս թագավորության մեջ, մթում կորած, բայց հյուրընկալ պատերի ներքո։

Սպիտակաջուրում քիչ ժամանակ է, որ էլեկտրական հոսանք կա, իսկ ավելի կոնկրետ՝ 2014-ի դեկտեմբերի վերջից։ Մինչ այդ փոքրիկ Թագուհին խավարի մեջ էր անցկացնում օրվա այն մասը, երբ բնական լույսը կամաց-կամաց աղոտանում եւ անհետանում էր։ Ինքը եւ քույրը՝ Շուշաննան, ծնվել են Սպիտակաջուրում, ապրած տարիներն էլ առանց լույսի մեծացել։

Երկու քույր եւ երկու եղբայր, բոլորն էլ կապուտաչյա, ոսկեգույն մազերով, սպիտակափրփուր, ինչպես հեքիաթի հերոսներ, բայց նրանք իրական հերոսներ են՝ դաժան հեքիաթի բարի հերոսներ։

«Գեւորգս 3 տարեկան էր, Գեորգին 1,7 ամսական, երբ տեղափոխվեցինք Սպիտակաջուր»,- պատմում է 4 երեխաների մայր Հասմիկը, երկու աղջիկներն էլ Սպիակաջուրում են ծնվել։

Ասում է, որ մտածում էր մի քանի տարի կմնան, մինչ երեխաները դպրոցահասակ դառնան, բայց մնացին մեկընդմիշտ։ Ազատագրված հայրենիքում, բարձրաբերձ լեռներում, ալպիական մարգագետիններն ու հիանալի բնությունը սակայն բավական չէ ապրելու եւ արարելու համար, այստեղ՝ փլատակներից վեր հառնող գյուղում, տարիներ շարունակ ոչ մի էլեկտրական լամպ չի վառվել։

Գայանեն՝ Թագուհու տատիկը, ցույց է տալիս թոռնիկների ննջարանը, որտեղ խոնավ պատերից բորբոսնում է տեղաշորը, մյուս կողմում տղաների սենյակն է՝ անշուք, անհրապույր սենյակում երկու ապագա զինվոր է մեծացել։

«Գիշերը էրեխուս մազերը պատի արանքից ներս եկող քամին այս ու այն կողմ է քշում, մինչեւ էրեխես գլուխը չի թաքցնում վերմակի տակ»,- պատմում է ապագա զինվորի տատը։

Գեւորգը շուտով 18 տարեկան է, բանակ պիտի գնա, հետո էլ Գեորգին, ով այս տարի կավարտի 12-րդ դասարանը, ուզում էր թիկնապահ դառնալ, բայց մտափոխվել է՝ իրավաբանի մասնագիտությունն ավելի է դուր գալիս։

Ջլապինդ Գեորգը քայլող ապառաժի է նման՝ սլացիկ, հաղթական, սարերի օդ շնչած տղան իրենց սարերի արքան է, արդեն ինքն է հոր գործերն անում, մի քանի գլուխ կով, ոչխար, մեքենա, ամեն ինչին կամաց-կամաց տիրություն է անում։ Ձմռան կեսին թեթեւ վերնաշապիկով է քայլում, մինչ քույրերը հագնում են վերարկուները, երբ դուրս են գալիս. «Ինքը չի մրսում՝ միշտ այդպես է»,-փաստում է Թագուհին։ Առողջ տղան արդեն սովոր է ցրտին , նույնիսկ դպրոց է ոտքով գնում մի քանի կիլոմետր՝ սա արդեն ստիպված։ Մեքենան, որ հատկացված է մոտակա գյուղի դպրոց հասնելու համար, ընդամենը 5 նստատեղ ունի, իսկ նստատեղերն աղջիկներին պետք է հատկացնել։

Փոքրիկ Թագուհին միշտ չէ, որ «թագավորաբար» մեքենայով է դպրոց գնացել, պատմում է, որ կային ժամանակներ, երբ ձիու թամբին նստում էին երկուսով՝ քույրերով, իսկ եղբայրները նրանց ոտքով էին ուղեկցում։ Փոքրիկ աղջնակը ողջ տունը ողողել է իր նկարած նկարներով՝ գունագեղ լույսեր, շղթաներ, խաղալիքներ։ Այս նկարները ծածկում են տան սեւացած ու տեղ-տեղ ծեփաթափ պատերը։ Տատը ժպտում է՝ «ինքն է բոլորը նկարել ու կախել, իսկ նկարչության ուսուցիչ չունի, երբեք էլ չի ունեցել»։Շուշաննան էլ իրական տոնածառն է զարդարել, խաղալիքներ, շղթաներ... հիմա արդեն նաեւ լույսեր։ «Ես երազանքներ չեմ պահում, որովհետեւ դրանք չեն իրականանում»։ Լռում է։ Ես էլ եմ լռում ու հասկանում, որ աղջկա միակ իրականացած երազանքը իրենց գյուղի էլեկտրականությունն է: Տարիների ծխից սեւացած պատի տակ դրված են լամպեր, լամպեր, որոնք 21-րդ դարում նոր են պատրաստվում Սպիտակաջուրում իրենց արդիականությունը կորցնել՝ տեղը զիջելով այլ լուսատուի։

karabakh-open.info

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին