▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշեցին ոգով ամուր է. միջադեպի օրը նոր մատուռի օրհնություն՝ սահմանամերձ գյուղում

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին,  ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում՝ հակառակորդի դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, նորակառույց մատուռ է օրհնվել:

Կատարվել է օրհնության կարգ, մոմավառությունից հետո մատաղ է մատուցվել: Ապա  միջոցառմանն ազգային երգ ու պարով շունչ  են տվել Բերդի մշակույթի տան սաները և Նորաշենի պարի համույթը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մատուռը կառուցվել է ռուսաստանաբնակ այգեպարցիներ Ավագ և Բելլա Հովակիմյանների հովանավորությամբ: Իսկ ճարտարապետը Հրաչ Գրիգորյանն է՝ կրկին այգեպարցի:  

 Մատուռի օրհնության կարգը իրականացրել է Արգենտինայի թեմի առաջնորդը:

Սահմանամերձ Այգեպարը  հիմնադրվել է 1937 թվականին՝ ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի հիման վրա: Դրանից հետո կառուցվել են գինու, ապա պահածոների գործարանները,  օդանավակայանը  դպրոցը:

Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ 80-ականներին այստեղ քարակերտ խաչի մասունք է հայտնաբերվել: Ապա հավատավոր ժողովուրդը սկսել է մոմ վառել մասունքի մոտ՝ այդ կերպ աղոթքը հասցնելով Աստծուն: Ավագ Հովակիմյանը դեռ պատանի ժամանակ խաչքար է փորագրել և տեղադրել այդ վայրում: 2011-ին Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահան Միրզոյանի կողմից խաչքարն օրհնվել է: Իսկ 2013-ին Բելլա և Ավագ Հովակիմյանները կառուցել են մատուռը:

***

Հ.Գ. Այգեպարը և ադրբեջանական Ալիբեյլին միմյանցից մի քանի հարյուր մետր է բաժանում: Գյուղերն այնքան մոտ են, որ ադրբեջանցիների հարսանիքի ձայնը լսվում է Այգեպարում:

Զարմանալի զուգադիպությամբ սահմանամերձ Այգեպարի միջոցառումը ժամերով գրեթե  համընկել է Պառավաքարի ճանապարհին տեղի ունեցած ցավալի միջադեպի հետ:

Բարեբախտաբար, այդ պահին Այգեպարի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, միջոցառումը, ազգային երգն ու պարը չեն դադարեցվել, թեպետ զգուշավորությունն այստեղ կենսակերպ է: Անդրանիկ Այդինյանի խոսքով՝

«Մատուռը գյուղից մի փոքր հեռու՝ դեպի Բերդ տանող ճանապարհի վրա է՝ ծառաշատ վայրում: Մարդկանց ուղորդել ենք դեպի ծառերը, որ բաց տարածության մեջ չկանգնեն և տեսանելի չլինեն հակառակորդի կողմից»:

Այգեպարցին այսօր ամուր է կանգնած իր հողին, այսուհետ ևս ամուր է կանգնելու...վկան՝ նորակառույց և արդեն օրհնված մատուռը:

Անդրանիկ Այդինյանն ասում է, որ բնակիչների համար կարևոր նշանակություն ունի մատուռը.

«Հույս ու հավատ է ներշնչում, որ Աստված պահապան է: Մենք խաղաղասեր մարդիկ ենք, մենք պատերազմ չենք ուզում»:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին