▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկությունն ու տեղեկացված լինելը հզոր զենք է, կամ ` Մի տնից չենք, մի հալի՞ ենք

Մեր ժամանակաշրջանում, երբ ցանկացած տեղեկատվության տիրապետելն   ընդամենը հաշված րոպեների խնդիր է,  որևէ լրատվամիջոցի կողմից մեկ այլ լրատվամիջոցի տեղեկատվության վերահրատարակումը միանգամայն օրինաչափ է` հատկապես երբ չի խախտվում  հեղինակային իրավունքը:

Հանրային դաշտում տեղ գտած  ցանկացած տեղեկատվություն արդեն իսկ հանրության սեփականությունն է, և լրատվամիջոցի`այս կամ այն իրադարձությանը հնարավորինս օպերատիվ  արձագանքելու ցանկությունը, կարծում ենք, ևս օրինաչափ է:

Առաջին հայացքից թվում է` որևէ խնդիր չի կարող առաջանալ,  հատկապես երբ օրենքի պահանջ համարվող հղումը` այն էլ ակտիվ լինկով,  սկզբնաղբյուրին արվում է  պատշաճ կարգով:

Վստահ լինելով, որ հեղինակային իրավունքը և այն  չխախտելու պահանջը լրագրության ոլորտի սուրբ կանոններից է, որոշեցինք ճշտել, թե արդյոք իրավական հիմք ունի լրատվական կայքի`  իր լրահոսից որևէ նյութ  վերահրապարակելն ուրիշ լրատվամիջոցներին արգելելը, կամ դիցուք այդ հրապարակումից  առաջ գրավոր թույլտվություն ստանալու պահանջը, եթե հրապարակման մեջ հստակ նշված է աղբյուրը` ակտիվ հղումով:

ASEKOSE.am-ի թղթակիցը նշված խնդրի շուրջ փորձել է պարզաբանումներ ստանալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանից: Մեր հարցին ի պատասխան` նա  մեկ անգամ ևս հաստատել է.

«Եթե հրապարակման մեջ առկա է հղումը, եթե այն պատշաճ կարգով է արվել, ապա լրատվամիջոցն իրավունք չունի նման պահանջ ներկայացնելու: Բոլորը կարող են օգտվել  հրապարակային աղբյուրից` իհարկե չմոռանալով վկայակոչել աղբյուրը»:

Հեղինակային իրավունքի մասին օրենքի պահանջը հստակ է. Որևէ հրապարակում վերահրապարակելու  դեպքում պարտադիր է  աղբյուրը վկայակոչել: Այս պարագայում արդեն իսկ լրատվամիջոցը գործում է օրենքին համապատասխան` առանց  որևէ խախտում թույլ տալու:

Նշված խնդրի վերաբերյալ  զրուցեցինք նաև Երևանի մամուլի ակումբի իրավաբան Իռեն Ալոյանի հետ.

«Եթե խոսքը վերաբերում է օրվա լրահոսին, աղբյուրը վկայակոչելը միանգամայն բավարար է: Ընդամենը հղում կատարվելով` արդեն իսկ օրենքը չի խախտվում:  Այսինքն` օրվա լրահոսի դեպքում  լրատվամիջոցի` գրավոր թույլտվություն ձեռք բերելու պահանջն արդարացված չէ: Իսկ եթե ստեղծագործություն է, յուրաքանչյուր  լրատվամիջոց կարող է ինչ-որ կերպ «պաշտպանել» իր հեղինակային իրավունքը, ինքն ընտրելով այդ եղանակը: Դա ևս օրենքի  խախտում չէ: Այսինքն` նման պարագայում կողմերից ոչ մեկը օրենքը չի խախտում: Վերահրապարակողը հարգել է հեղինակային իրավունքը, սակայն պահանջողը ևս օրենքը չի խախտել»:

Իրավաբանի խոսքով` «Օրենքը չի պարտադրում նման բան, բայց նաև չի արգելում»:

Յուրաքանչյուր լրատվամիջոց, փաստորեն, կարող է ընտրել իր հեղինակային իրավունքը պաշտպանելու նաև այլընտրանքային եղանակը:

Հ.Գ.

... Հրեական izrus.co.il կայքում  2011-ին  հրատարակված  «Հայկական թերթերը կրկին թաղել են Սոնիա Պերեսին» վերնագրով հրապարակումն  անմիջապես գրավեց մեր ուշադրությունը:

Իսկ բովանդակությունը ժպիտ առաջացրեց.

Պարզվում է, ըստ լրատվամիջոցի, հայկական լրատվական կայքերից մեկը 87- ամյա Սոնիա Պերեսի մահվան մասին լուրը ուշացրել է ավելի քան 6 ամիս: Պերեսը  մահացել էր հունվարի 20-ին, իսկ հայկական լրատվամիջոցի կողմից արտատպված   լուրը տեղադրվել է հունիսի 2-ին: 

Ինչպես ասում են` առանց մեկնաբանության:

 

Հեղինակ`

Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին