▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մեծը ջախջախում է հռոմեացիների բանակը. BBC-ի՝ փաստերի վրա վերականգնված անիմացիոն ֆիլմը

Ինչպես է արքայից արքա Տիգրան Մեծը ջախջախել Հայաստան ներխուժած  հռոմեական բանակը. փաստերի վրա վերականգնված անիմացիոն ֆիլմը ներկացրել է BBC հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ, ըստ պատմիչների,  մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ հայոց տերության։

Մ.թ.ա. 71 թվականին հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, մերժեց հռոմեացիների պահանջը։ Պատերազմի առիթը պատրաստ էր։

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Այն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։

Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ Ապպիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։

Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։ մ.թ.ա. 68 թվականի գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը։ Հայկական բանակը անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով ջլատում էր հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։

Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին։ Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»։ Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»։

Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։ Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ Մ.թ.ա. 67 թվականի կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը։ Ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք։

Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրան Կրտսերը։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան։ Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը։ Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Բլոգ ավելին