ermenihaber-ը գրում է. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ճամբարից` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցությունից, հերթական քննադատությունն է հնչել երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայությանը վիրավորող սկանդալային հայտարարության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերից Էրդողանն ասել էր. ««Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
«ԺՀԿ»-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը Էրդողանի վերոնշյալ արտահայտությունը խստորեն դատապարտել է և անընդունելի համարել: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված մեկնաբանության մեջ Թեքինը, հիշեցնելով դեռևս 2005-ին եվրաանդամակցության ուղին գերակա հռչակած իշխանությունների քայլերը, մասնավորապես ասել է. «Եթե այսօր մենք մտած լինեինք Եվրամիություն (ԵՄ), ապա Էրդողանն իր այդ արտահայտության համար կդատվեր ատելություն սերմանելու մեղադրանքով: Վարչապետ Էրդողանը միաժամանակ և հանցանք է գործում, և մեղք»: