Թուրքիայում վերջին օրերին սկանդալային բացահայտում է կատարվել, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` հայերին, հույներին և հրեաներին: Պարզվել է, որ վերոնշյալ ազգությունների համար պետությունը 1923 թվականից սկսած կիրառել է հատուկ ծածկագրեր` այսպես կոչված «ազգության կոդեր»:
Թուրքիայում այդ երևույթը դարձել է բուռն քննարկման առարկա: «Հյուրիյեթ» թերթի հոդվածագիրներից Իսմեթ Բերքանն իր «Երեխան, որի մայրը հույն է, հայրը` հայ, «ազգության կոդը» ո՞րը կլինի» հոդվածում անդրադարձել է վերոնաշյալ հարցին:
Ստորև ներկայացվում է հոդվածը որոշակի կրճատումներով.
«Երեխային հայկական դպրոց ընդունելու համար պայքարը միայն բավարար է եղել, որպեսզի պաշտոնապես հաստատվի, որ Թուրքիայի Հանրապետությունն իր քաղաքացիներին գրանցել է գաղտնի ծածկագրերով (անուն էլ` «ազգության կոդ») և նրանց այդ կերպ հետևել է: «Ակոս» շաբաթաթերթի շնորհիվ արդեն բոլոս տեղյակ ենք:
Իմացանք, որ մեր պետությունը հայերին 2-րդ համարով է կոդավորել: Ըստ պնդումների` հույներին 1-ին համարն են տվել, իսկ հրեաներին գրանցել են 3-համարի տակ: Նպատակը եղել է քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրել, այլ ոչ թե Լոզանի պայմանագրով սահմանված նրանց իրավունքների պաշտպանությունը: Ահա այս միտքն է ծագում մարդու գլխում:
Ճնշումները դեռ դպրոցական տարիքից են սկսվում: Եթե փոքրամասնության ներկայացուցիչ եք, ձեր երեխային համայնքի դպրոց պետք է ընդունեք: Պետությանն էլ պետք է ձեր ինքնությունն ապացուցեք` ասելով. «Այո´, երեխաս էլ այդ փոքրամասնության ներկայացուցիչ է»: Պետությունը, իհարկե, իր գրանցումները բավարար չի համարում, ստուգում, նոր է հաստատում:
Երանի թե, այդ դպրոցները ոչ միայն համայնքի, այլև յուրաքանչյուր ցանկացողի համար բաց լինեին:
Այդ ինքնությունը ապացուցելու գործն այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ խառնամուսնություններ էլ կան: Օրինակ, երբ ծնողներից մեկը հույն է, մյուսը հայ, կամ երբ ծնողներից մեկը հույն է կամ հայ, իսկ մյուսը մուսուլման: Ինձ շատ հետաքրքիր է այս խառնամուսնություններից ծնված երեխաներին պետությունը ի՞նչ ծածկագրով է գրանցում: Իմ երեխաների ծածկագիրը ո°րն է: Ասեք, որ այս կոդավորումը ռասիսզմ է, օրենքի առջև հավասարության խախտում է, և տեսեք, թե ինչ կգա ձեր գլխին:
Նախևառաջ որոշները կլինեն, որ կասեն, որ սա «բխում է գործնական անհրաժեշտությունից», կհայտնվեն այնպիսիք, որ իրենց կդնեն պետության տեղը և կասեն. «Ի՞նչ է` պետությունը չպիտի՞ հետևի»: «Բոլորն իրենց երկիրն ունեն, թող այնտեղ էլ գնան»: Այդպես ասողների պակաս հաստատ չի զգացվի:
Լավ, բայց արդյո՞ք վերոնշյալ ազգերին է միայն կոդ տրվել: Իսկ եթե պետությունը քրդերին`4-րդ, ալևիներին 5-րդ ծածկագրերո՞վ է գրանցել: Արևմտյան մի երկրում այդպիսի բան պարզվելու դեպքում Ներքին գործերի նախարարությունն ամբողջը օրը հայտարարություններով հանդես կգար: Մեր մոտ ՆԳ նախարարությունից մի հայտարարություն, իրավիճակի վերաբերյալ մի բացատրություն չկա, այսքան հարցերին մի պատասխան լսող եղե՞լ է: ՆԳ նախարարությունն անմիջապես պետք է հայտարարություն անի, թե «Ազգության կոդերը» երբ, որ թվականից են սկսվել կիրառվել և ում համար, այդ կոդերը պետության կողմից ինչ գործերով են օգտագործվել:
Պետական ո՞ր վարչություններն են այդ կոդերին նայում և հետո տվյալ կոդին համապատասխան որոշում կայացնում: Կադա՞ստրը, անվտանգությո°ւնը, դատախազությո՞ւնը, դատրանաննե՞րը: Մեր պետությունը որևէ բան կիսատ չի թողնում: Այս կոդերը որտեղ, երբ և ինչպես օգտոգործելու վերաբերյալ մի շրջաբերական, մի կանոնադրություն հաստատ կա, և դա էլ մի օր ոնց էլ լինի կբացայատվի».գրում է Ermenihaber-ը: