▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պաշտոնատարները հայերին առաջարկում են խոսել նաև թուրքերի ցավի մասին

Թուրք պաշտոնատարները, շարունակելով հիմա արդեն Թուրքիայի վարչապետ դարձած նախկին ԱԳ նախարար Դավութօղլուին, հայերին առաջարկում են խոսել նաև թուրքերի ցավի մասին: Խոսենք այդ մասին: Թուրքերին բաժանենք մի քանի խմբերի՝ ըստ «թուրքական ցավը» կրողների.
ա) իմ գնահատմամբ՝ լավագույն մաս-Սոսկալի ցավ է թուրք լինել, քանի դեռ թուրքական իշխանությունները շարունակում են «թուրք» բառը՝ այդպիսով իմ ժողովրդի անունը պատանդ պահելով «Ցեղասպանություն» բառին: Ամբողջ աշխարհում ասվում է, որ թուրքերն են հայերին ցեղասպանել, մինչդեռ դա արել են թուրքական իշխանությունները՝ օգտագործելով երկրի ուժային կառույցները, հանցագործներին, հայերի հետ հարևանությամբ ապրող քրդերին, «չերքեզներին», բոլոր նրանց, ում խոստացվել է հայերի հարստությունը: Այդ ցավը հնարավոր է մեղմել միայն թուրքական ինքնությունից Ցեղասպանության ոճիրը մաքրելով, ինչը նշանակում է նախ՝ ցեղասպանության իրական պատասխանատուների՝ երիտթուրքական և քեմալական իշխանությունների ոճրագործությունը բացահայտ ընդունել, ընդունել, որ բոլոր հետագա իշխանություններն ամեն ինչ արել են թաքցնելու հանցագործությունը, որ մեկ հարյուրամյակ թուրքական հասարակության ուղեղը լվացվել է, ամեն ինչ անել՝ լավագույնս ճանաչելի դարձնելու իրականությունը, ապաշխարել, հատուցել և հուսալ, որ հայ ժողովուրդը, չնայած երբեք չի մոռանա ահռելի հանցագործությունը, բայց կհավատա, որ թուրք հասարակությունը փոխվել է և կփորձի իր հերթին բարեկամաբար տրամադրվել նրա նկատմամբ: Թուրքական այս ցավը հասկանալը և այն մեղմելը բացառապես թուրքական իշխանությունների ձեռքին է, մասամբ՝ թուրք հասարակության լավագույն ներկայացուցիչների;
Երկրորդ խումբ-Ցեղասպանության իրականացման մասնակիցների՝ իրականացնողների ժառանգներ: Մի մասի համար, հավանաբար, շատ ամոթ է, պետք է հուսալ՝ նաև ցավ, որ իրենց պապերն ընդունակ են եղել այնպիսի անմարդկային, սոսկալի հանցագործության, ինչպիսին անմեղ մարդկանց կոտորածն է և նրանց ունեցվածքի թալանը, որ նաև դարձել է կոնկրետ ընտանքիների հարստության հիմքը: Այս մարդկանց ցավը կարող է մեղմել բացառապես ինքնախոստովանությունը և հանցավոր աղբյուրով ձեռք բերված նյութական ունեցվածքից հրաժարումը: Սա հնարավոր է բացառապես Թուրքիա երկրում բոլորովին նոր սոցիալական մշակույթի պարագայում, երբ կխրախուսվեն մարդկային նորմալ առաքինությունները: Երկրորդ մասը ոչ միայն ցավ չի ապրում այս ամենից, այլև հպարտանում է իրենց պապերի քաջությամբ, ովքեր կարողացել են պատերազմի դժվարին շրջանում փոխել իրենց հասարակական դիրքը՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու և իրենց ժառանգներին ներշնչել են իրենց իրավացիությունը: Այստեղ ցավի մասին խոսելն ավելորդ է: 
Երրորդ խումբ-Խաբված մարդիկ են, ովքեր իրենց ուսման ընթացքում սովորել են, որ հայերն Օսմանյան կայսրության ընթացքում, օգտվելով իրենց նկատմամբ կայսրության դյուրահավատ վերաբերմունքից, կարողացել են հարստություն կուտակել, ունեցել են բարձր հասարակական դիրք, բայց պատերազմի ժամանակ դավաճանել են իրենց Օսմանյան հայրենիքը, կոտորել են թուրքերին, և թուրքական իշխանություններն ստիպված են եղել նրանց վռնդել Թուրքիայից: Այս մարդկանց մեջ, հավանաբար, հայրենիքի և «դավաճան հայերի» «անգթության զոհերի» նկատմամբ ցավ ապրողներ կլինեն, բայց նրանց ցավը ստի, կեղծիքի հետևանք է, ներդրվել է թուրքական իշխանությունների կողմից և հնարավոր է ամոքել կրկին միայն ճշմարտության բացահայտման միջոցով: 
Չորրորդ խումբ-Օրթոդոքս, քաղաքականցված ազգայնականներ, ովքեր ցավ են ունեցել և ցավ ունեն Թուրքիայում սուննի թուրքերից զատ որևէ այլ գոյության, «թուրքերից խլված» յուրաքանչյուր իրավունքի նկատմամբ և պատրաստ են իրենք իրենց էլ զոհաբերել՝ օսմանյան փառքի և թուրքական Թուրքիայի համար: Այս ցավը հայերը ոչ մի կերպ չեն կարող զգալ, առավել ևս՝ ամոքել: 
Հինգերորդ խումբ-Հայերի Ցեղասպանության պատրվակով դատապարտվել և պատժվել են թուրքական հասարակությունում մինչև այսօր հերոսի լուսապսակը կրող որոշ ջարդարարներ, հատկապես երիտթուրքերի որոշ պարագլուխներ: Նրանց մի մասի պատիժն, ի վերջո, իրականացրել են հայ վրիժառուները: Այս հանցագործների պատիժը մեծ ցավ է թուրքական հանրության մի մասի համար: Վստահ չեմ, որ հայ ժողովուրդն ի վիճակի է կիսել այդ ցավը: 
Վեցերորդ խումբ-Բազմաթիվ ընտանիքներ Թուրքիայում ապրում են նախկինում հայերին պատկանող տներում, և սերնդեսերունդ փոխանցվում է այդ տների և հողերի տերերի վերադարձի տագնապը: Այդ տագնապն առկա է նույնիսկ Բալկաններից տեղափոխված և նախկինում հայերին պատկանող տներում ապրողների մեջ: Նրանցից շատերը ոչ մի մեղք չեն ունեցել հայերի կոտորածներում, բայց նրանց չնվազող տագնապը նույնպես ցավի տեսակ է: Ինչպես ցավի տեսակ է հայերի թաքցրած ունեցվածքի առասպելով հիվանդացած և աշխատելու փոխարեն իրենց կյանքը ոսկու փնտրտուքին նվիրած մարդկանց զգացումը: Թուրքիա գնացած յուրաքանչյուր զբոսաշրջիկի ձեռքի քարտեզը թաքցված ոսկիների քարտեզի տեղ ընդունող ահռելի այս զանգվածի ցավն իսկապես չի նվազում ագահ հայերի անհուսալի պահվածքից, ովքեր չեն ուզում իրենց գաղտնիքը հայտնել ոսկեխույզներին: Կիսե՞նք այս ցավը: 
Յոթերորդ խումբ-Ցեղասպանության տարիներին որոշ վայրերում հայերն ինքնապաշտպանվել են: Որոշ տեղեր էլ առաջին ջարդերից հետո նրանք կարճ ժամանակով վերադարձել են իրենց բնակավայրերը: Թե ինքնապաշտպանության ժամանակ, թե վերադարձից հետո սպանվել են մարդիկ, եղել են նաև զայրույթի, կույր վրեժխնդրության անմեղ զոհեր: Անտարակույս մենք՝ հայերս, պետք է հասկանանք անմեղ զոհերի ընտանիքների ցավը, ինչպես պետք է միշտ երախտապարտ մնանք այդ դժվարին ժամականերում մարդկային դեմքը պահած և սոսկալի ջարդարարներից զոհերին փրկության ձեռք մեկնած բոլոր մարդկանց:

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին