Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: Նրանք անցնելու են պարտիզանական կռիվների մարտավարությանը և անընդհատ հարվածելու են Աֆրին ներխուժած թուրքական զինուժին: Աֆրինի անկումից հետո քրդերը և նրանց համախոհները բողոքի ձայն են բարձրացրել եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Փարիզում, Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Ստրասբուրգում, Հռոմում, Վիեննայում, Ստոկհոլմում կազմակերպվել են բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջել են, որ Եվրոպան դատապարտի թուրքերի իրականացրած կոտորածն Աֆրինում:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Էրդողանը չի սահմանափակվելու Աֆրինով, արդեն ևս 6 տարածքի նկատմամբ պլաններ ունի:
«Հայերի համար այստեղ արդեն վտանգ կա.թիրախավորվել է նաև Ղամիշլին, իբր թե ահաբեկիչներից ազատագրելու համար, սակայն Ղամիշլին հայտնի է որպես հայաբնակ տարածք ու այստեղ, փաստորեն, թուրքական բանակն ու հայկական սփյուռքը կբախվեն: Բնական է, որ թուրքերն անելու են այն քայլերը, որոնց սովոր են»,-նշեց թուրքագետը՝ հավելելով.
«Էրդողանի հեռահար նպատակը Մոսուլն է և թուրքական ռազմական ագրեսիան ծավալվելու է հենց այդ ուղղությամբ: Էրդողանն արդեն դիմել է Իրաքի իշխանություններին և ասել է, թե այնտեղ էլ կան քուրդ ահաբեկիչներ և, եթե չկարողանան չեզոքացնել, ապա իրենք կներխուժեն ու կիրականացնեն դա»:
Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կատարած քայլերին՝ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ սրանք պայմանավորված են երկու բաղադրիչով:
«Առաջինը ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականության հանդեպ անարգանքն է: Թուրքական զինուժն ազատորեն ներխուժել է Սիրիայի տարածք ու ռազմական գործողություն է իրականացնում՝ հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում: Երկրորդ՝ Էրդողանի քայլերն ունեն արտաքին ու ներքին բաղադրիչներ: Արտաքինի հիմքում տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելն է, ներքինի դեպքում էլ Թուրքիան մոտենում է ընտրական կարևոր փուլի, որտեղ ձևավորված է սահմանադրական այն հիմքը, որը Էրդողանին օժտելու է անսահմանափակ լիազորություններով: Նրա քաղաքական իմիջի ձևավորման գործում մեկ կարևոր բացթողում կար.չէր անցել պատերազմի բովով: Այս քայլով նա լրացնում է այդ բացը, ավելին՝ շարունակելով օսմանյան ավանդույթները՝ հողեր է նվաճում: Վստահ եմ՝ իր նախընտրական քարոզարշավի կարևոր դրույթներից մեկն է լինելու»:
Ինչ վերաբերում է աշխարհի մի շարք երկրների անտարբերությանը՝ թուրքագետը նշեց.«Սա ունի քաղաքական խորը պայմանավորվածությունների բնույթ: Ցանկացած գերտերություն Մերձավոր Արևելքում իր շահերն ունի, որոնք միշտ գերակա են, քան տարբեր ժողովուրդների ինքնորոշումը, մարդասիրությունը: Կարծում եմ՝ այս անգամ էլ եվրոպական շատ երկրների, գերտերությունների համար գերակայում են իրենց շահերը, որոնց համար էլ պահպանում են լռություն»:
Անի Կարապետյան