Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ:
Դրանց հետո վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ և նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման և երկրի զարգացման համար ինչ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի և հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է և մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է և ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդհանրապես ապագայի նկատմամբ:
Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաև շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարևոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարևոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, և ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի:
ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը և մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:
Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, և կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, և ես դրա համար ցանկանում եմ Ձեզ և ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ և հաստատակամ շարունակենք, որովհետև իսկապես սա այն կարևոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»:
Դիտեք նաև՝