▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղայի դին փնտրում էին Արցախում, սակայն գտել էին Սովետաշենի դիահերձարանում, ճանաչելի վիճակում». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու ընկեր՝ Ազատ Գևորգյանը և Հայկազ Մկրտչյանը, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսում միասին էին սովորում, բայց մտերմացան Լուսակերտի ուսումնական գնդում, դարձան անբաժան ընկերներ։ Երկուսն էլ 2019-ի հունվարին էին զորակոչվել բանակ։

Հայկազին ճանաչում եք, նրա մասին ես գրել էի։ Լուսակերտում 6 ամսի ծառայելուց հետո Ազատը ծառայության է անցնում Հադրութում, Հայկազը՝ Տավուշի Մեհրաբներում։

Նոյեմբերի 5-ին Ազատենց դասակին իջեցրել են Շուշի, ամսի 7-ին ընկել են շրջափակման մեջ, բայց շարունակել են համառ մարտեր մղել: Ասում են, որ Շուշի տանող ճանապարհին սպայական կազմն Ազատենց լքել է ու թողել մենակ, բայց դրանից տղերքը չեն ընկճվել ու շարունակում են պայքարը։ Ընթացքում Ազատը հասցնում է վիրակապել վիրավոր զինվորներին, օգնություն ցույց տալ, բայց ինքն էլ վիրավորվում է։ Շուշիի ձոր իջնելու ճանապարհին Ազատին մենակ են թողնում ու չեն վերադառնում օգնության։ Վիրավոր վիճակում զանգում է իր ծանոթ բժշկին, վերջինս խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չքնել, փորձել խնայել ուժերը, որ հնարավոր օգնության հասնելուց ուժ ունենա ասելու իր գտնվելու վայրը։ Այդպես էլ Ազատը վիրավոր վիճակում, արնաքամ լինելով, մահանում է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 8-ին կամ 9-ին, հստակ հայտնի չէ...

Իր տղայի դին Ազատի հայրը և քեռին երկար ժամանակ չեն կարողանում գտնել։ Փնտրում էին Արցախում, սակայն գտել էին Սովետաշենի դիահերձարանում, ճանաչելի վիճակում... զինվորական գրքույկը՝ գրպանում... դեկտեմբերի 2-ին...

Մինչ զոհվելն Ազատը ծնողներից իմացել էր, որ ընկերը՝ Հայկազը, վիրավորվել է և հոսպիտալում պայքարում է կյանքի համար։ 11 օր կյանքի համար պայքարելուց հետո Հայկազն անմահացավ նոյեմբերի 9-ին՝ հիվանդանոցում։ 2 ընկեր լքեցին այս երկրային կյանքը գրեթե միաժամանակ... Գուցե Հայկազը զգացել էր ընկերոջ մահը... գուցե չէր ուզել նրան մենակ թողնել այնպես, ինչպես վարվել էին մարտական ընկերները...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին