Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից ընկալվել և ներկայացվել է, որպես Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարական՝ կոնկրետ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին: Թյուրըմբռնումից խուսափելու համար ներկայացնում ենք մեջբերում Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակի և ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններից.
Նախագահի մամուլի խոսնակիպատասխանը PANORAMA.am-ի հարցին.
«ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն.
«Հանրապետության Նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի»:
ՀՀ գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ իրականացվում են աշխատանքներ ընդհանրապես կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված առկա մտահոգությունների, խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերի առնչությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ մեղադրյալ Վարդան Պետրոսյանին ապա՝ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը: