«Մեզ մոտ ընտրությունները սովորաբար կենաց-մահու կռվի են վերածվում, սակայն, ես հարգում եմ թեկնածուներին: Բոլորիս ներկայացված ծրագիրը ես առայժմ կանվանեմ «ցանկությունների փաթեթ»,-այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ խոսելով հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ նախագահի ընտրության մասին` ասաց արձակագիր, լրագրող, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա, թեկնածուի խոսքով դրանք պետք է կառուցվածքային լինեն:
«ԽՍՀՄ տարիների հետ համեմատած` գրողը, ՀԳՄ-ն կորցրել են իրենց նշանակությունը: Մենք աշխարհին ներկայանում ենք մշակույթով, գրականությամբ, հետևաբար դրանք պաշտպանության կարիք ունեն: ՀԳՄ-ն կոչված է զբաղվելու գրական ստեղծագործությամբ, արժեքավոր գրքերի թարգմանությամբ, տարածմամբ: Գրողը միշտ պետք է հասարակությանը հուզող խնդիրներին անդրադառնա»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով հարցին, թե խոսակցություն կա, որ վերադառնալու է Վանո Սիրադեղյանը Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ շատ կցանականար, որ այդպես լինի.
«Լսել եմ այնքան, որքան դուք եք գրում: Նա տաղանդավոր գրող է, լավ կլիներ` մեղքերը մաքրվեին և վերադառնար»,-ասաց ՀԳՄ նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ ՀԳՄ նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 20-ին, գրանցվել են ԳՄ նախագահի 3 թեկնածուներ՝ բանաստեղծ, ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և արձակագիր, լրագրող, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Անի Կարապետյան