Բաց նամակ Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին
Վեհափա’ռ Հայրեր
Վարչապետի աթոռը բռնազավթած չարիքը հատել է բոլոր սահմանագծերը՝ և՛ իրավական, և՛ մարդկային, և՛ բարոյական։
Նրա իշխանության ղեկին մնալն այլևս անթույլատրելի ու անհանդուրժելի է: Նա մահ ու ցավ է բերում մեր երկրին ու ժողովրդին՝ մասնահատելով ու տանելով մեր Հայրենիքը անբեկանելի կործանման: Այս անդառնալի կորստի վախից բոլորը նետվել են քաղաքականության մեջ, բայց հայաստանյան վարկաբեկված քաղաքական դաշտն այլևս անկարող է առաջնորդել այս շարժումն ու առավել ևս պսակել այն հաջողությամբ:
Խնդրում ենք մենակ մի թողեք Բագրատ սրբազանին չարի դեմ այս անհավասար պայքարում:
Միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կարող է համախմբել ու առաջնորդել Հայրենիքի համար մերօրյա ազատագրական պայքարը, որպես միակ կանգուն մնացած համակարգային կառույց և որպես երկրի վրա ճշմարիտ Աստծո կամքի խոսնակ:
Եվ ուրեմն խնդրում ենք Ձեզ անհապաղ Հայաստան կանչել արտերկներում գտնվող բոլոր թեմակալ առաջնորդներին, հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերն ու սկսել խաչակրաց արշավանք դեպի ՀՀ ազգային ժողով՝ ազատագրելու մեր ավետյաց երկիրը չարի իշխանությունից:
Խնդրում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մարզերի թեմակալ առաջնորդներին հանձնարարել գլխավորել ու առաջնորդել իրենց մարզի հավատավոր ժողովրդին դեպի Երևան: Այս պարագայում չարքի ձեռքերում գործիք դարձած ոստիկանությունն անկարող է կասեցնել վերոնշյալ բազմուղի ու բազմամարդ շարժումը:
Խնդրում ենք Բագրատ սրբազանին առաջնորդել Երևանում հավաքված ժողովրդին, իսկ Ձեզ Վեհափառ Տեր, Արամ Առաջինի ուղեկցությամբ, պատրիարքների, արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, վարդապետների, աբեղաների, քահանաների և ողջ հոգևորական դասի ուղեկցությամբ խնդրում ենք առաջնորդել հավատավոր հայ ժողովրդին դեպի Երևան, դեպի ազգային ժողով՝ պահանջելու ընդիմադիր և իշխանական կուսակցություններին իրենց մանդատները վայր դնել ու գնալ արտահերթ ընտրությունների:
Միևնույն ժամանակ, մինչև նեռից վերջնականապես ազատագրվելու այս սրբազան պայքարի ավարտին հասնելը, այն չարքերը ովքեր անարգել են կամ կհամարձակվեն անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին, Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների հանդեպ դրսևորել են կամ կհանդգնեն դրսևորել անվայել պահվածք խնդրում ենք նզովել ու գամել նրանց պարսավանքի սյունին: Խնդրում ենք նաև հրահանգել հոգևորականներին այդ նզովված չարքերի և նրանց ընտանիքի անդամների համար չկատարել մկրտություն, պսակադրություն, ամուսնություն, նույնիսկ հուղարկավորություն և որևէ եկեղեցական արարողություն:
Վեհապառ Տեր, Աստծո կամոք և օրհնությամբ խնդրում ենք Մայր Աթոռից կազմակերպել և առաջնորդել մեր հայրենիքի փրկության սրբազան շարժումն ի փառս Հայաստանի Հանրապետության, ի փառս Հայ Առաքելական Եկեղեցու և ի բարորություն հայ ժողովրդի:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
Վարդան Ղուկասյան