|
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարուժան Ավետիսյանն ունի չափազանց լուրջ` կյանքին սպառնացող, առողջական խնդիրներ, որի արդյունքում միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված բազմաթիվ և բազմապիսի բուժզննությունների արդյունքում այդպես էլ չի հայտնաբերվել նրա առողջական ծանրագույն և անկանխատեսելի վիճակին վերաբերող պատճառները․ գոյություն ունեցող հիվանդությունը հնարավոր չի եղել ախտորոշել:
Ինչպես գիտեք, Վարուժան Ավետիսյանի և «Սասնա Ծռեր» խմբավորման մյուս անդամների կողմից 2016թ.-ին իրականացված ապստամբության կապակցությամբ` գաղութային ադմինիստրացիայի կողմից պատվիրված, հարուցված գործի շրջանակներում «դատավարությունը» դեռևս շարունակվում է:
Վերոնշյալ հանգամանքների բերումով Վարուժան Ավետիսյանը կարիք ունի արտասահմանում բուժզննություն անցնելու` հիվանդության ախտորոշման և, հետևապես, անհրաժեշտ բուժում ստանալու նպատակով:
2018թ.-ի հեղափոխական շարժման, որը այլասերվեց և փոխակերպվեց դիմափոխության, արդյունքում իշխանության եկած խումբը` Փաշինյանի գլխավորությամբ, ոչ մի իրական հանցագործի` պետությունն ու ժողովրդին կեղեքած ստահակի, արդարադատության ենթարկվելու ուղղությամբ հետևողականություն և սկզբունքայնություն չցուցաբերեց, ավելին` վերջիններիս հետ գնաց (գնում է) հանցավոր մի շարք համագործակցությունների: Դրանցից շատերին հնարավորություն տրվեց առողջական խնդիրներ ունենալու և արտասահմանում բուժում ստանալու կեղծ պատրվակներով փոխուստի դիմել երկրից և պատասխանատվությունից:
Սակայն, ներկայումս, Վարուժան Ավետիսյանի, ում ապստամբական գործողությունների արդյունքում հետաձգվեց այն աղետը` հնարավորություն ստեղծելով ժողովրդին և պետությանը պատրաստվելու դիմագրավել գալիք ճակատագրական մարտահրավերներին, որը տեղի ունեցավ 2020թ.-ի տարեվերջին, «դատարանին» ներկայացված արտերկրում բուժում ստանալու միջնորդությունը մերժվում է:
Կարևորագույն հարց եմ համարում աղաղակել այն մասին, որ այսպիսով Վարուժան Ավետիսյանի կյանքին և առողջությանը ամեն վայրկյան լրջագույն վտանգ է սպառնում:
Վարուժան Ավետիսյանը, լինելով վեհագույն և հպարտ անձնավորություն, իր առողջական խնդիրները «դրոշակ» դարձրած չի թափահարում, իսկ դա ավելի է մեծացնում մեր պատասխանատվության բաժինը նրա առողջական ծանր վիճակի մասին բարձրաձայնելու հարցում:
Վարուժան Ավետիսյանը հրաժարվել է ամեն բանից հանուն մեզանից յուրաքանչյուրի ապագայի, հանուն ինքնիշխան պետություն ունենալու:
Իսկ վերոնշյալ առողջական խնդիրները ձեռք է բերել հենց այդ ինքնազոհ պայքարի արդյունքում:
Մեր պարտքն է բարձրաձայնել այս խնդիրը և պահանջել, որպեսզի Վարուժան Ավետիսյանին ընձեռվի իր առողջական վիճակը պարզորոշելու և բարելավելու հնարավորություն»։
|