▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղը հանուն աթոռի ժողովրդին պառակտող, հերոս բառի իմաստն արժեզրկողների օրը չէ». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

«Անկախ և ուժեղ պետականություն ունենալու նպատակին վնասածներն էլ են վաղը պաթոսային ճառեր ասելու, բաժակ բարձրացնելու: Այնինչ ...
Վաղը օտարերկյա ազդեցության գործակալների տոնը չէ: Ճիշտ հակառակը: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու կարևորությունը հասկացողների օրն է:
Պետության բարեկեցությունը սեփական ռոճիկի չափով գնահատողների օրը չէ: Ճիշտ հակառակը: Հանուն ընդհանուր շահի զրկանքների գնացածների, ընդհուպ մինչև կյանքը զոհաբերածների օրն է:
Ազգային ու պետական շահը իր կուսակցական, հարազատաբարեկամական շահին ստորադասածների տոնը չէ: Ճիշտ հակառակը: Ազգայինն ու պետականը նեղ անձնական կամ թայֆայական շահից բարձր դասողների օրն է:
Հանուն աթոռի ժողովրդին պառակտող, ճամբարների բաժանող կեղտոտ մանիպուլյատորների օրը չէ: Ճիշտ հակառակը: Հանուն ուժեղ պետության՝ համազգային գաղափարի շուրջ ժողովրդի ներուժը մոբիլիզացնողների օրն է:
Օրվա իշխանությունների սրտին համահունչ սեփական սկզբունքները փոխողների, այդ սկզբունքները մոռացողների օրը չէ: Ճիշտ հակառակը: Դավանած ու հռչակած արժեքներին անշեղորեն հետևելու պատվախնդրության օրն է:
Հերոս բառի իմաստն արժեզրկողների, իրական հերոսների արածը ջուրը լցրածների օրը չէ: Ազգային հերոսների լուսանկարներին նայող և նրանց առջև ամոթի զգացում ունեցող, այդ ամոթից դուրս գալու նպատակ ունեցողների օրն է:
Ինքնահավան տգետների օրը չէ վաղը: Գիտելիքներն ու փորձը Հայաստանի հանրապետության շահին ծառայեցրած և պետությունը դրանով ուժեղացրածների օրն է:
Բովանդակությունը ձևին մատաղ արած, սեփական պատասխանատվությունը այլոց վզին փաթաթող, բարձր կոչերով ցածր նպատակների ծառայողների օրը չէ վաղը: Ճիշտ հակառակը: Բովանդակություն առաջարկող և այդ բովանդակության շուրջ մարդկանց համախմբող, քիչ հոխորտացող, բայց մեծ գործեր անողների օրն է վաղը:
Իսկ այսօր վավերագրական նյութեր նայելու, կարդալու, իրապես նվիրյալների և հաղթածների տեսակը, մտքերը, նպատակներն ու արածները կրկին վերհիշելու, վերլուծելու օր է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին