▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճ՝ հրդեհային անվտանգության և արևի լույսի համար. «Հետք»-ը՝ «Օրրան»-ի հարևանությամբ շինարարության մասին

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի ամիս թղթաբանական ու դատական քաշքշուկների մեջ է՝ կապված իր շենքի հարեւանությամբ ընթացող շինարարության հետ: «Օրրանի» ղեկավարությանն անհանգստացնում է իրենց կողքին կառուցվող շինության բավական մոտ լինելը. սա, նրանց համոզմամբ, հակասում է գործող օրենսդրության պահանջներին, քանի որ չեն պահպանվում, մասնավորապես, հրդեհային անվտանգության նորմերը:

«Հետք»-ն է գրում ու մանրամասնում․ «2002 թ. պետական գրանցում ստացած կազմակերպությունը 2005-ից գործում է Երեւանի կենտրոնում՝ Եկմալյան 1-ին փողոցի 6 հասցեում: Սրա հարեւան հողը ձեռք է բերել քաղաքացի Արգամ Հովհաննիսյանը, որը հիմա կառուցապատում է իրականացնում այդ հողի վրա: «Օրրանի» նախագահ Արմինե (Արմենուհի) Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ Արգամ Հովհաննիսյանը եղել է իրենց հարեւանությամբ կառուցված բնակելի բարձրահարկի շինարարը, ժամանակին նորմալ հարաբերությունների մեջ են եղել, «Օրրանը» տարբեր առիթներով օգնել է Հովհաննիսյանին այդ շենքը կառուցելիս, սակայն 2021-ից հետո խնդիրներ են ծագել:

Այսպես՝ 2021 թ. փետրվարին Արմինե Հովհաննիսյանը գրավոր համաձայնություն է տվել Արգամ Հովհաննիսյանին առ այն, որ չի առարկում նրան պատկանող Եկմալյան 6/1 հասցեում հասարակական նշանակության երկհարկանի շինության կառուցմանը: Ըստ էսքիզի՝ շինության մի հատվածը պետք է լիներ մեկհարկանի, իսկ «Օրրանի» շենքին հարող հատվածը՝ երկհարկանի: Սրա մեջ տիկին Արմինեն որեւէ խնդիր չի տեսել:

Պատմում է, որ դրանից մի քանի օր անց Արգամ Հովհաննիսյանը կրկին թուղթ է բերել: «Օրրանի» ղեկավարը ենթադրում է, որ պատճառը գուցե եղել է նախորդ համաձայնության մեջ նշված սխալ հասցեն (Եկմալյան 6/1) կամ էլ այլ հանգամանք: «Արգամը թղթով եկավ, ասեց՝ ստորագրես-չստորագրես, ես կառուցելու եմ, ասեցի՝ դե, ուրեմն ոչ մի այլ թուղթ չեմ ստորագրելու»,- նշում է Արմինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ երկրորդ թղթում գրվածն ինքն այդպես էլ չի տեսել ու չի ստորագրել: 2021-ի փետրվարին իր տված համաձայնությունը, ըստ տիկին Արմինեի, եղել է իր կողմից ստորագրված միակ փաստաթուղթը: Ցույց տալով այն՝ «Օրրանի» նախագահը շեշտում է, որ դրանում որեւէ բան գրված չէ իրենց կազմակերպության եւ նախատեսվող շենքի միջեւ հեռավորության մասին, եւ ինքը չէր էլ կարող ենթադրել, որ կառուցապատումն ընթանալու է օրենսդրական խախտումներով:

2021-ի նոյեմբերին Երեւանի քաղաքապետն Արգամ Հովհաննիսյանին հասարակական նշանակության շինության նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) է տվել Եկմալյան 6 հասցեում (ուշադրություն դարձրեք հասցեի փոփոխությանը): Առաջ անցնելով նկատենք, որ երբ հետագայում Արմինե Հովհաննիսյանը տարբեր պետական ու համայնքային մարմինների բողոքել է արդեն ընթացող շինարարության դեմ, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ի պատասխան, նրան հայտնել է, որ դեռ 2022-ի մարտի 18-ին թե՛ Արմինե Հովհաննիսյանը, թե՛ հարեւանությամբ առկա Արամի փողոցի 82-84 շենքերի համատիրության նախագահ-կառավարիչը գրավոր համաձայնությամբ չեն առարկել Եկմալյան 6 հասցեում Արգամ Հովհաննիսյանի կողմից հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելուն, եւ կցել է այդ փաստաթղթերի պատճենները: Համաձայնությունների մեջ տեսնում ենք, որ նախատեսվող շինության էսքիզը 2021-ի փետրվարին Արմինե Հովհաննիսյանի կողմից ստորագրված փաստաթղթում առկա էսքիզի համեմատ փոփոխված է. նոր էսքիզում շենքն ամբողջությամբ երկհարկ է, նաեւ նկուղային հարկ ունի: Բայց հարցն այստեղ ոչ այնքան շենքի տեսքն է, որքան այն, որ մեր հարցադրումից հետո Արմինե Հովհաննիսյանը զարմացավ, թե չի նկատել, որ իր ստորագրությամբ նման թուղթ կա:

«Հետքի» հետ զրույցում տիկին Արմինեն պնդեց, որ 2021-ի փետրվարի համաձայնությունից բացի՝ ոչ մի այլ թղթի տակ ինքը չի ստորագրել: Այստեղից հարց է ծագում, թե ինչպես է 2022-ի մարտին կազմված համաձայնության մեջ հայտնվել նրա ստորագրությունը: Ըստ «Օրրանի» նախագահի՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով:

Կառուցվող շինության նախագիծը մշակել է «Էյջ Այ Սի Դիզայն» ՍՊԸ-ն: Ընդ որում՝ այս անգամ էլ նախատեսվող շենքի հասցեն նշվել է Եկմալյան 6/3: Ի վերջո, նախագիծը համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետի հետ, եւ վերջինս 2022-ի դեկտեմբերի 15-ին Արգամ Հովհաննիսյանին տվել է այս հասցեում շինություն կառուցելու թույլտվություն 1 տարի ժամկետով (մինչեւ 2023 թ. դեկտեմբեր): Քանի որ 2023-ի դեկտեմբերին, շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր, Հովհաննիսյանը ձեռք է բերել նոր շինթույլտվություն, այս անգամ՝ 10 ամիս ժամկետով: Այսինքն՝ նա պետք է շինարարությունն ավարտի մինչեւ այս տարվա հոկտեմբեր:

Ըստ Արմինե Հովհաննիսյանի՝ չնայած 2022-ի դեկտեմբերից շինթույլտվություն ունենալուն, Արգամ Հովհաննիսյանը շինաշխատանքներն սկսել է 2023-ի օգոստոս-սեպտեմբերին: «Երբ բետոնե սյուներն են դնում, ես զգում եմ, որ շատ մոտ է մեզ: Անմիջապես սկսում եմ տարբեր մարմինների նամակներ գրել, ասում եմ՝ խնդրում եմ, եկեք շուտ ստուգեք, մենք չենք ուզում իրենց վատություն անել, որ հետո չասենք՝ քանդեք»,- պատմում է «Օրրանի» նախագահն ու ցույց տալիս պետական ատյանների պատասխանները: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի պատասխանը եղել է այսպիսին՝ շինաշխատանքներն իրականացվում են համաձայն շինթույլտվության: Տեսչական մարմնից էլ ասել են՝ «նախագիծը մշակվել է ՀՀ-ում գործող օրենսդրության եւ շինարարության նորմերի պահանջների համապատասխան, որը կեղծ կամ ոչ իրավաչափ ճանաչված չէ՝ հաշվի առնելով, որ տրվել է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից»: Փաստորեն, ըստ տեսչական մարմնի տրամաբանության, եթե նախագիծը կազմել է որակավորում ունեցող մասնագետը, այն չի կարող ոչ իրավաչափ լինել: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նպատակը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ այլ ոլորտներում անվտանգության եւ օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է, ինչի համար այս մարմինն իրականացնում է վերահսկողություն: Ինչպես վերեւում ասվեց, տեսչական մարմնից Արմինե Հովհաննիսյանին նաեւ ասել են, թե նա չի առարկել շինարարությանը (ստորագրության իրական լինելու եւ հասցեի տարբերության մասին չենք կրկնում):

«Որ տեսա պատասխան չկա, դիմեցի իրավաբաններին,- պատմում է Արմինե Հովհաննիսյանը,- իրավաբանն առաջարկեց փորձաքննություն անել: Օրենքով պետք է 6 մ հեռավորություն լինի հասարակական նշանակության շենքերի միջեւ: Քաղաքապետարանն Արգամին շինթույլտվություն է տվել 2,1-2,2 մ հեռավորությամբ, բայց ինքը դա էլ չի պահել ու 1,6 մ-ի վրա է կառուցում: «Օրրանի» շենք օրական 150-200 մարդ է մտնում՝ երեխաներ, կամավորներ, հյուրեր, այդ թվում՝ օտարերկրացի: Եթե հանկարծ հրդեհ լինի, էդ լուսամուտները չեն օգտագործվի, բացի դրանից՝ հոգեբանական ծառայությունների սենյակը լրիվ մութ է: Ես բաց նամակ գրեցի Ավինյանին, որին նա արձագանքեց իր ասուլիսում՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ ասելով, թե իրենք քանդելու բան չունեն, եւ ես թուղթ եմ ստորագրել: Բայց ինքը կարդացե՞լ է էս թուղթը: Ես ասել եմ՝ հա, երկհարկանի շենք կառուցեք, բայց չեմ ասել՝ անօրինական բան արեք: Եթե նույնիսկ ես ստորագրեմ, ինչը չեմ արել, պետությունն օրենքով չպիտի թույլատրի: Երեխաների կյանքի մասին է խոսքը, ես ո՞վ եմ, որ որոշեմ, որ էդ երեխաների կյանքը պիտի վտանգի տակ դնեմ»»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին