30 տարի Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում ոչ մի պաշտոնական կարգավիճակի հավակնություն չունեցող Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կներգրավվի խղճի պահանջով՝ կրկին առանց հավակնությունների: Բարի կամքի դեսպանին հայրենիք է բերել Հայաստանը նորից ոտքի կանգնեցնելու մեծ ցանկությունը:
Սպասվող քաղաքական գործընթացներին Արա Աբրահամյանը կմասնակցի միայն մեկ նպատակով՝օգնի Հայաստանին բռնելու զարգացման ճանապարհը, կանգնեցնելու մեր պետականության առջեւ ծառացած վտանգավոր միտումները:

Բժիշկների ընտանիքում ծնված ու մեծացած Արա Աբրահամյանին սիրում ու գնահատում են ե՛ւ հայրենիքում, ե՛ւ Ռուսաստանում, նա մեծապես նպաստել է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի մշակութային և տնտեսական կյանքի զարգացմանը։ 64 ամյա գործարար, բարեգործ, հասարակական գործիչ Արա Աբրահամյանը հիմնել է բազմաթիվ ընկերություններ, հիմնադրամներ, նախաձեռնել կարևոր բարեգործական և մարդասիրական ծրագրեր։ 2005 թվականին հենց նրա դիվանագիտական ջանքերի շնորհիվ Գվինեայում և Նիգերիայում ձերբակալված հայ օդաչուներն ու ռուս նավաստիները կալանքից ազատ արձակվեցին: Արա Աբրահամյանի բարեգործությամբ՝ իր հայրենի գյուղում՝ Մալիշկայում, 2000 թվականին կառուցվեց Ս. Աննա հայկական եկեղեցին և հայ — ռուսական բարեկամության թանգարանը, նրա աջակցությամբ կառուցվեց նաեւ գյուղի դպրոցն ու վերազինվեց նորագույն սարքավորումներով։ Բարերարը դպրոցաշինական ծրագրեր է իրականացրել նաեւ ողջ Վայոց Ձորի մարզում:
Նա մեծ ներդրում ունի նաեւ հայապահպանության գործում՝ մշտապես աջակցելով Ռուսաստանի հայ գաղթօջախներում դպրոցահասակ երեխաների շրջանում հայոց լեզվի ուսուցման գործընթացին:
2001 թվականին Արա Աբրահամյանի միջոցներով Երևանում բացվեց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը, նրա շնորհիվ գնվեց երկու բնակելի շենք եւ 130 բնակարան նվիրաբերվեց անտուն փախստականներին։
Արա Աբրահամյանն արդեն 21 տարի է՝ «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահն է, 18 տարի է՝ հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահն է: Նա նաեւ համանախագահում է 2003 թվականին իր կողմից ստեղծված «Գործարարների Ռուսաստան-Արգենտինա Խորհուրդը» , համանախագահ է նաեւ «Ֆրանկո-ռուսական» ասոցիացիայում:
Եվ չմոռանանք, որ նա նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության կոմիտեի անդամ, ինչպես նաեւ «Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոն» միջտարածաշրջանային հասարակական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Մեծ հայրենասերի գործունեությունը գնահատել ու պարգեւատրել են ինչպես հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում: 37տարեկանում նրան արդեն «Վաստակավոր գործիչ» մեդալ շնորհվեց ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության կողմից։ Հետո հաջորդեցին Ռուսաստանի Դաշնության նախագահական պատվոգիրը, Ս. Կոնստանտին Մեծի անվան խաչը, Ռուսաստանի վաստակավոր շինարար, Կրեմլի ամրոցի վերակառուցման աշխատանքներին մասնակցելու համար «ՅՈՒՆԵՍԿՈ»ի պատվոգիր , հայ ժողովրդին մատուցած ծառայության համար բարձրագույն մրցանակ
«Ս. Գրիգոր Լուսավորիչ»՝ հայ առաքելական եկեղեցու կողմից, «Անկեղծ նվիրումի» մեդալ՝ «Ուղղափառ Ռուսաստան» հասարակական շարժման կողմից, «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից եւ այսպես անվերջ կարելի է թվարկել մեծ բարերարի անհամար պարգեւները, ով նաեւ 2001, 2003, 2005, 2011 թթ. ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության «Տարվա մարդ» , ստացել մրցանակ քաղաքացիական հասարակության ամրապնդման համար։
Արա Աբրահամյանն ամուսնացած է, ունի երեք երեխա:


