▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զենքը պահել էին Հայկի վրա. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում անցկացվող դատական նիստում մանրամասներ է ներկայացնում 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետը, ով դատարանում հանդես է գալիս վկայի կարգավիճակով, նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի վերջին օրը վնասվել է «Ելք» դաշինքի շարժական շտաբը, գողացվել է դրոշը:

«2017 թվականի մարտի 31-ն էր, երեկոյան ժամերն էին, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն էր: Ինձ զանգում են և ասում, որ մեր շտաբի որոշ անդամների, մասնավորապես, Հայկ Սարգսյանի վրա հարձակում է եղել: Ասեմ, որ Հայկ Սարգսյանը մեր նախընտրական շտաբի պետն է եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչ դեպքը, երբ ես եղա շտաբում, տեսա, որ բազմաթիվ չբաժանված բուկլետներ կան, և խնդրեցի, որ Հայկը զբաղվի այդ հարցով: Երբ ասացին, որ Հայկի վրա հարձակում է եղել փորձեցի կապ հաստատել, սակայն չստացվեց: Հետո ինձ զանգեցին և պատմեցին միջադեպի մասին, ես էլ ասացի, որ այդ տարածքից հեռանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հեռախոսային խոսակցությունից հետո ուղևորվել է նախընտրական շտաբ: Այնտեղ շտաբի անդամները պատմել են միջադեպի մանրամասները: Ըստ դրանց՝ շտաբի անդամները շենքից դուրս են եկել բակ, ու տեսել են, որ շարժական շտաբի՝ ավտոմեքենայի, վրայի դրոշը բացակայում է, դրանից բացի, փակցված նկարի վրա ներկ է փչած եղել: Փորձել են ճշտել, թե ով է տարել դրոշը, այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկը նշել է, որ ինքն է դա արել:

 

 

«Ավելին, ասվել է՝ ի՞նչ իրավունք ունեք այդ դրոշն օգտագործել: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին: Մեր շտաբի անդամները միջամտել են, որ հետագա հարվածներ չլինեն: Այդ անձը հանել է զենքը պահել է Հայկի վրա, ներկաներից մեկն արագ արձագանքել է, հարվածել է այդ քաղաքացու ձեռքին և զենքը վերցրել: Ահազանգել ենք ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել: Սպասել ենք ոստիկանությունը գա և արձանագրի: Այդ ժամանակ ուղիղ եթեր եմ մտել, ցուցադրել եմ, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ: Հարձակումը տեղի է ունեցել Հարավ արևմտյան թաղամասի բակերից մեկում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե գործը քննած Սուրեն Նավոյանի հետ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ մինչ նախաքննությունը շփում չի ունեցել, նախաքննության ընթացքում նա հարցաքննել է իրեն:

«Նախաքննությունից հետո հնարավոր է զանգ եղած լինի, դա պետք է ստուգվի, հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում: Նա իր աջակցությունն է հայտնել ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին