▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

64 միլիոն դոլարի եկեղեցաշինություն՝ 10 տարում

 

Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա է դարձել եկեղեցաշինության թեման։ Մարդիկ քննարկում են, թե որքանով է ճիշտ ներդրումներ անել եկեղեցիների շինարարության մեջ, երբ կարելի է գործարան կառուցել, հաշվում են կառուցված եկեղեցիների թիվը, քննարկում ընդհանրապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ և այլն։

1

Իրականում, վերջին տարիներին Հայաստանում կառուցված մի քանի տասնյակ եկեղեցիների մեծագույն մասը կառուվել է ոչ թե ՀԱՍԵ-ի միջոցներով, այլ առանձին անհատների՝ հիմնականում հարուստ գործարարների։

Այս տեսանկյունից՝ եկեղեցաշինության մեջ գումար ներդնելու թեման ինքնին դառնում է անիմաստ, քանի որ դրանք մասնավոր գումարներ են, և մարդն է ինքն է որոշում՝ ինչպես ծախսել իր գումարը։ Ի վերջո, եթե եկեղեցու համար ծախսվող մի քանի հարյուր հազար կամ միլիոն դոլարը կարող էր ներդրվել բիզնեսի մեջ և եկամուտ բերել, դա առաջին հերթին պետք է անհանգստացնի այդ գումարը դնողին։ Ու եթե հաջողակ, իր շահերը բոլորից լավ գիտակցող գործարարը որոշում է փող հատկացնել եկեղեցի կառուցելու համար, ուրեմն տնտեսական նպատակահարմարության թեման մյուսների համար ավտոմատ փակվում է։

Սակայն ՀԱՍԵ-ն շինարարություն է իրականացնում նաև իր միջոցներով։ Ավելի ճիշտ՝ իր կողմից հանգանակված միջոցներով։

Քանի որ թեման շատերին է հետաքրքիր, մենք հաշվել ենք ՀԱՍԵ-ի կողմից վերջին տարիներին իրականացված շինարարության ծավալներն ու դինամիկան։

Սկսենք ամենաթարմ տվյալներից։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-հուլիսին ՀԱՍԵ-ի հանգանակած միջոցներով իրականացվել է շուրջ 978 մլն դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ծավալն ավելացել է 62.9%-ով։

Ընդհանուր շինարարության անկման ֆոնին այս աճը արտասովոր է դիտվում, սակայն բացատրություն ունի։ Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել՝ 1,5 մլն դոլար արժեքով։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ կառուցված շինությունը «Վարպետաց տուն»-ն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործում են հայորդած տներ, սակայն այդ կառույցը յուրահատուկ է: Կրկին նվիրված է երեխաներին, բայց առավել չափով ծառայելու է հաշմանդամ երեխաներին և նախատեսված է իրենց համար իբրև սոցիալական, մշակութային կենտրոն, որտեղ իրենք ուսանելու են տարբեր արվեստներ, արհեստներ»,- ասել էր Տեր Վահրամը։

Ընդ որում, այդ 62.9%-անոց աճը շեղվում է հենց ՀԱՍԵ-ի՝ վերջին տարիների ցուցանիշներից։ Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, ՀԱՍԵ-ի կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները վերջին 5 տարիներին կայուն կերպով նվազել են։

Հատկապես 2016 թվականին շինարարության նվազումը խորն է եղել՝ 60%, ու նաև հենց նախորդ տարվա անկմամբ է պայմանավորված այս տարվա աճը։

HASE1

Վերջին 10 տարիների՝ 2007-2016 թվականների ընթացքում ՀԱՍԵ-ի միջոցներով իրականացված շինարարության ծավալների գծապատկերն ավելի խոսուն է։

Ինչպես տեսնում եք՝ 2000-ականների վերջին շինարարության ծավալներն աճել են և 2011 թվականին հասել առավելագույնին՝ 3 մլրդ 477.5 մլն դրամ։ Թեթև անկում գրանցվել է միայն 2009թ. ճգնաժամային տարում։

HASE2

2012 թվականից սկսած՝ ՀԱՍԵ-ի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են։ 2016 թվականի ծավալը՝ 1 մլրդ 351.1 մլն դրամ, նվազագույնն է՝ վերջին 10 տարիների կտրվածքով։

Ստացվում է՝ որքան եկեղեցին ավելի քիչ գումար է ծախսում շինարարության վրա, այնքան խոսակցություններն ու քննադատությունները թեժանում են։

Ավելին՝ այստեղ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more