▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում գերեվարված հայ զինվորի մասին հարազատները տեղեկություն չունեն

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը`  ժամը 3:00-ի սահմաններում,  Ադրբեջանի տարածքում հայտնված և գերեվարված զինվոր Հակոբ  Ինջիղուլյանի մասին հարազատները դեռ որևէ տեղեկություն չունեն. նրանք սպասողական վիճակում են: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը:

«Երեկ Հակոբի հայրը`  Գևորգ Ինջիղուլյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին, ով հավաստիացրել է, որ ՊՆ-ն և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կանեն հնարավոր ամեն ինչ` զինվորին վերադարձնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հավաստիացրել է, որ Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Հ. Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում  վերադարձնելու ուղղությամբ:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին, որ այս պահի դրությամբ  զինվորի մասին որևէ տեղեկություն չկա:

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը  դեպքի մասին տեղեկացրել է  Բաքվի գործընկերներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:

 

Հասմիկ Գյոզալյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more