Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է հայոց պատմության մասին ակնարկով՝ ցուցադրելով հայոց թագավոր Տիգրան Մեծի պատկերով մ.թ.ա. 95 թ․ թվագրվող հազվագյուտ հայկական մետաղադրամ։ «Ես էությամբ մետաղադրամ հավաքող չեմ, բայց սա վերցրի: Եթե դուք հայ եք, ապա գիտեք Տիգրան Մեծի մասին և թե ինչպես է նրա գահակալության օրոք Հայոց թագավորությունն ընդարձակվել՝ դառնալով Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։ Սա հայոց պատմության մի կտոր է հենց այստեղ»,- ասել է Օհանյանը: Օհանյանը հավելել է, որ հպարտ է հայ լինելու համար և ամեն անգամ մետաղադրամին նայելիս հաճելի զգացողություն է ունենում։ Տիգրան Բ Արտաշեսյանը կամ Տիգրան Մեծը թագավորել է մ․թ․ա․ 95-55թթ․։ Նրա օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատներ։ Նրա իշխանության տարիներին ընդլայնվել էր հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Նրանք ընդունվում էին ոչ միայն ներքին, այլև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։