▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթիլասում ձեռնադրված առաջին Իրանահայ կուսակրոնը` Հայր Վահրիճ Աբեղա Ղարախանյան

Կիրակի 23 հունիսի 2013թ.-ին, Անթիլիասի Մայրավանքում, Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, երեք սարկավագներ օծվեցին ու ձեռնադրվեցին կուսակրոն քահանա, որոնցից առաջինը իրանահայ՝ բրշ. Սեբաստիա սրկ. Ղարախանյանը վերանվանվեց Տ. Վահրիճ աբեղա։

Այս լուրը թեեւ առաջին հայացքից սովորական է թվում, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ 1958թ.-ի Ս. Էջմիածնի գերակայության դեմ` եկեղեցական դավադրական բաժանումից հետո, որին դեմ կանգնեց ողջ իրանահայ համայնքը և մանավանդ ամբողջ եկեղեցական դասը, այսօր, Տ. Վահրիճ աբեղա Ղարախանյանը Անթիլիասում օծված անդրանիկ իրանահայ կուսակրոնն է, այդ դեպքում լուրը ինքնաբերաբար ստանում է հատուկ կարեւորություն:

Հայր Վահրիճ Աբեղա Ղարախանյանը, ավազանի անունով Սեբաստիա, ծնվել է 1991 թ.-ին, Թեհրանում: Նա զավակն է Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանի եւ տիրուհի Լիդուշի:

Նախնական կրթությունը հերթաբար ստացել է ծննդավայրի «Սասուն» մանկապարտեզ-նախակրթարանում, «Նաիրի» ազգային տարրական եւ ապա ուղեցույց դպրոցներում: Այնուհետեւ, 2005թ. հոկտեմբերին, 14 տարեկան հասակում ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Պիկֆայայի դպրեվանք եւ մեկնել Լիբանան:

2009թ.ին ավարտել է ժառանգավորաց քառամյա բաժինը եւ մուտք գործել ընծայարան, 2010թ.-ին ձեռնադրվել կիսասարկավագ: Իսկ 2011թ.-ին, Տ. Նորայր եպիս. Աշգյանի ձեռամբ, ձեռնադրվել է սարկավագ, 2012-ին՝ ավագ սարկավագ:

2011թ.-ին Լիբանանում երկրորդական բաժնի հայ աշակերտության մեջ կազմակերպված ասմունքի մրցություններում գրավել է առաջին տեղը: Տարբեր թեմաներով ելույթներ է ունեցել Բեյրութի ռադիո «Սևան»-ում:

2013թ.-ի հունիսի 13-ին հաջողությամբ ավարտել է դպրեվանքի ութամյա դասընթացները եւ հունիսի 23-ին Տ. Շահե եպիս. Փանոսյանի ձեռամբ օծվել, ձեռնադրվել է եւ վերանվանվել՝ Տ. Վահրիճ Աբեղա Ղարախանյան:

Հայր Վահրիճը Անթիլիասում ձեռնադրված իրանահայ առաջին կուսակրոնն է, ու նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միակ միաբանը, ում բառերը, որպես արեւելահայի, ավելի պարզ ու հարազտ կհնչեն իրանահայի ականջին: (Իրանահայ համայնքը դասական սփյուռքի միակ արեւելահայ համայնքն է):

Այս առիթով ջերմորեն շնորհավորում ենք իրանահայ համայնքին, նրա հոգեւոր դասին ու մանավանդ նորընծա Աբեղայի ծնողներին՝ արժանապատիվ Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանին, տիրուհի Լիդուշին եւ ընտանեկան պարագաներին ու հարազատներին, Հայր Վահրիճին մաղթելով իր անվան նման զուլալ ու մաքուր ապագա, Աստվածահաճո եւ ազգահաճո, քաղցր ու երկարատև հոսող ծառայություն:

 

Հ.Գ.

Վահրիճը պահլավերեն բառ է և նշանակում է զուլալ և արագ հոսող ջուր:

 

 

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 25.07.2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more