▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապրիլի 9-ին որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել». «Ժառանգության» նախկին անդամ

«Ապրիլի 9-ի դեպքերի հետ կապված փորձենք անկեղծ լինել և նաև մեր գնահատականներում հստակ. բոլորս էլ գիտեինք, ոմանք ենթագիտակցորեն, ոմանք որպես ակնհայտ ճշմարտություն, որ այդ օրը որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել: Տարօրինակ ժողովուրդ ենք. և առճակատման գնալ չենք ուզում և ուզում ենք, որ իշխանությունները հրաժարական տան: Ինչպես՞:

Իսկ Րաֆֆիին ոչ թե հիմա է պետք քննադատել, երբ նա երկու քարի արանքում, չգիտեր ինչ անել, այլ այն ժամանակ, երբ նա, Ազգային ժողովի ընտրություններում իրեն տրված ժողովրդի քվեն, փոխանցեց Թևան Պողոսյանին: Վառ ապացույց, թե ինչպես է նա վերաբերվում ժողովրդի ձայնին, և ինչպես է պատկերացնում ժողովրդի իշխանությունը:

Դեռ տարիներ առաջ, երբ «Ժառանգության» համագումարի ընթացքում կեղծիքներով վարչություն էր ընտրվել, և այդ մասին գրվեց թերթերում և նշվեցին անուններ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր վրդովմունքը հայտնեց կեղծիքների առնչությամբ, սակայն այսօր այդ դեմքերը նրա աջ և ձախ ձեռքերն են:

Ընդհանրապես, մեզ` ազգովի, անհրաժեշտ է ձգտել ավելի ազնիվ լինել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել: Այդքան են նրա հնարավորությունները: Եվ ամենից կարևորը. չպետք է հուսահատվենք: Եթե չենք ընդունում հեղափոխությունը որպես պայքարի միջոց, իսկ դա չի ընդունում անգամ «Սարդարապատ» անունը կրող շարժումը և «հեղափախական» դաշնակցությունը, ուրեմն ստիպված ենք ընդունելու մյուս ճանապարհը, որը ավելի մեծ պայքար, ջանքեր և ժամանակ է պահանջում: Պետք է փոխել համակարգը` գազաններով պատված զինանշանից սկսած, որտեղ Արարատը` մեր ազգային կարևոր խորհրդանիշը, հազիվ նշմարելի ծաղրանկար է դարձել, մինչև սահմանադրություն, որտեղ ամրագրված է նախագահի «երկրի գլուխ» լինելը ամենաուղղակի իմաստով և որի, եթե վերնագիրը հանես երբեք գլխի չես ընկնի, որ դա Հայաստանի սահմանադրությունն է, մինչև խայտառակ օրենքները, որտեղ օրինակ, հանրային գերակա շահ կարող է համարվել այգին ոչնչացնող ռեստորանը և բակերում կառուցվող բարձրահարկ շենքը: Եվ վերջում` բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հուսալքվել, իսկ ոմանք էլ` անգամ գաղթական դառնալ, միայն այն պատճառով, որ հիասթափվել են Րաֆֆիից, 21-րդ դարը ավելի համակարգի դար է, քան` առաջնորդի: Եվ ուրեմն փորձենք շարժվել այդ ուղղությամբ, որը և Ազատության հրապարակի ճնշում է պահանջում, և բանիմաց ու սկզբունքային քաղաքական գործիչներ»:

«Ժառանգության» նախկին անդամ Կարինե Հակոբյանի գրառումը

 Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more