▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդշինբանկում» որքան պարտատոմս ու ավանդ ունեն Մհեր Գրիգորյանն ու կինը

Հետք․am-ը գրել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի տարեվերջին կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից» ու նշել էր, որ այդ գործարքում հետաքրքրականն այն է, որ 2022 թվականին փոխվարչապետն ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ է դառնում, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Արդշինբանկից» 511 700 դոլարի պարտատոմսեր է գնել։

Մհեր Գրիգորյանը 2011-2018թթ․ եղել է «Արդշինբանկի» վարչության նախագահը, ինչպես նաև տիրապատել է բանկի բաժնետոմսերի 1,000056 տոկոսին։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո, օրենքի համաձայն, Մհեր Գրիգորյանը թողել է «Արդշինբանկի» իր վարչական պաշտոնը, սակայն բաժնետոմսերը պահպանել է մինչև 2022 թվականը։ Նրան պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք նա 2022թ․ վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։ 

Մհեր Գրիգորյանն իր բաժնետոմսերը վաճառել էր «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որն այժմ «Արդշինբանկի» 98,67 տոկոսի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» սեփականատերն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։

Ըստ Մհեր Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա պահպանել է իր ունեցած 5 միավոր անշարժ գույքը՝ բնակելի տուն և հողամաս Աշտարակ քաղաքում, 1 բնակարան և 2 ավտոտնակ Երևանի կենտրոն վարչական շրջանում։

Որպես դրամական միջոց Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 4,6 մլն դրամ բանկային հաշվին և 70 մլն դրամ կանխիկ, որն ի դեպ տարիներ շարունակ անփոփոխ արտացոլվում է փոխվարչապետի հայտարարագրերում։ 2023 թվականին Մհեր Գրիգորյանի եկամուտները կազմել են մոտ 30 մլն դրամ, որից 24 միլիոնը՝ փոխվարչապետի աշխատավարձն է, իսկ մնացածը՝ բանկում ունեցած ավանդներից ստացած եկամուտը»,-գրել էր սկզբնաղբյուրը։

Հայկական Ժամանակն էլ նկատել էր, որ հայտարարագրերն ուշագրավ թվեր են ներկայացնում Գրիգորյանների ունեցվածքի վերաբերյալ։

«Տպավորիչը պարտատոմսերն ու ավանդներն են՝ փոխվարչապետը 2023 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 511 հազար 700 դոլար արժեքով պարտատոմսեր, իսկ բանկային ավանդները կազմել են 525 հազար դոլար, 40 միլիոն դրամ։

Փոխվարչապետի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, տվյալ տարվա սկզբին կազմել են 37.02 դոլար և 3 միլիոն 004 հազար 712.6 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 դոլար, 4 միլիոն 606 հազար 097.4 դրամ։ Կանխիկ միջոցները եղել են 70 միլիոն դրամ։ Մհեր Գրիգորյանի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 29 միլիոն 977 հազար 617.1 դրամ։

Ընդհանուր եկամուտներից 327 հազար 943.71 դրամը նա ստացել է «Արդշինբանկից» որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, կրկին որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում նույն տեղից՝ 14 հազար 523.12 դոլար։ 24 միլիոն 019 հազար 205 դրամ էլ նրա աշխատավարձն է։

Փոխվարչապետի կնոջ բանկային միջոցներն առավել տպավորիչ են․ նա ունի բանկային ավանդներ՝ 500 հազար դոլար և 500 հազար եվրո։ Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 325 հազար 643.7 դրամ, և 1 հազար 699.41 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 127 հազար 816.9 դրամ, և 10․25 եվրո։

Աննա Գրիգորյանի տարվա ընդհանուր եկամուտները 7 միլիոն 106 հազար 011.69 դրամ, 5 հազար 020.89 եվրոն և 12 հազար 902.04 դոլարն էլ՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում «Արդշինբանկից»»,- գրում է պարբերականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more