▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյաները կաշառք են ստացել, պաշտոնեական կեղծիք կատարել.ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

Այսպես, դատապարտյալ Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զբաղվում են ակնհայտ ապօրինի գործողություններով, մասնավորապես` կաշառքի դիմաց բջջային հեռախոսներ հիմնարկ ներկրելով: Դատապարտյալը հայտնել է, որ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի ծառայող Հ. Կ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում վերջինս 2016 թվականի դեկտեմբերին եւ 2017 թվականի հունվարին իրեն փոխանցել է բջջային հեռախոսներ, որոնց դիմաց ԱՄՆ-ում բնակվող իր հայրը հիշյալ աշխատակցի մատնանշած անձի հաշվեհամարին փոխանցել է շուրջ 550 ԱՄՆ դոլար գումար: Ինքն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է նույն հիմնարկի այլ դատապարտյալների:

Բացի այդ, ըստ Ա. Մ.-ի հաղոդման, նույն հիմնարկի պաշտոնատար անձինք խցի խուզարկությամբ մի քանի անգամ հայտնաբերել են իրեն պատկանող բջջային հեռախոսներ,  որից հետո կեղծ տեղեկանքներ են կազմել, թե, իբր, դրանք հանձնել են իր ծանոթներին, մինչդեռ իրականում հետ են վերադարձրել իրեն:

Այսպիսով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ 312-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more