ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագիծ-առաջարկով: Դրա շրջանակներում առաջարկվում է Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառը», որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից: Դեռևս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չհաղթեց:
Ազգերի «տոհմածառ» ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ «տոհմածառում» Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն «Armenia» և «Ararat»: Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն:
Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաև ունի տուրիստական, գիտական, կրթական և մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է, որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»: