▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանի ու տիկնոջ տպավորիչ ունեցվածքը, սկեսուր ու սկեսրայր, որոնք մեծահոգաբար ձեռք են մեկնել հարսին

168.am-ը գրում է. 2018 թվականի «թավշյա հեղափոխության» հերթական շահառուն Տիգրան Ավինյանն է․ նա հենց թավշյա աժիոտաժից հետո Երևան քաղաքի ավագանու անդամից միանգամից դարձավ փոխվարչապետ, հետո արդեն՝ փոխքաղաքապետ ու քաղաքապետ։ Ի դեպ, 2019-23 թթ․-ին թավշյա պաշտոնյան համատեղությամբ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, որն իր գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնվեց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։

Այս տարիների ընթացքում, ինչպես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչների դեպքում, բարելավվել է նաև Տիգրան Ավինյանի սոցիալական վիճակը, ինչի մասին հավաստում է 2024 թվականին նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիրը ևս։

Հայտարարագրից տեղեկանում ենք քաղաքապետի կողմից հաշվետու տարում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին, որը Երևան քաղաքում հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է՝ իր տնտեսական շինություններով։ Գործարքի այլ մանրամասներ հայտարարատուն չի հայտնել:

Տարվա ընթացքում պաշտոնյան շուրջ 14 միլիոն դրամով էլ «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին է օտարել է 2014 թվականից որպես նվիրատվություն ստացած և միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակը։

Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 2022 թվականին որպես նվիրատվություն ստացած 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեքենան։

Տարեցտարի աճել են նաև Տիգրան Ավինյանի դրամական միջոցները

Հաշվետու տարվա սկզբում պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 միլիոն 890 731.2 դրամ, բայց տարեվերջին դրանք աճել են մի քանի անգամ՝ կազմելով 16 միլիոն 645 282 դրամ։

Նա նաև Էլեկտրոնային հաշիվների և կրիպտոարժույթի շուկայում է կարողացել աճեր գրանցել՝ հայտարարագրելով ADA Cardano, Ethereum, Bitcoin կրիպտոարժույթներ, և Poolin կրիպտոմայնինգի հարթակից ընդհանուր առմամբ եկամտագրելով 11 միլիոն 300 000 դրամ։

2023 թվականի սկզբում քաղաքապետի կանխիկ միջոցները կազմել են 3000 ԱՄՆ դոլար, 12 միլիոն 500 000 դրամ, իսկ տարվա վերջում՝ 17 միլիոն 800 000 դրամ։

Տիգրան Ավինյանի հաշվետու տարվա՝ 45 միլիոն 403 342 դրամ եկամուտները գոյացել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած 20 միլիոն 073 342 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարներից, «Poolin» կրիպտոհարթակից ստացած 11 միլիոն 300 000 դրամ այլ եկամուտներից և «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին գույք օտարելուց ստացած 14 միլիոն 030 000 դրամից։

Հայտարարատուն նաև անդամակցում է ոչ առևտրային երկու կազմակերպությունների․ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Այս հայտարարագրում նա վերահաստատել է նաև, որ կուսակցական է ու ՔՊ վարչության անդամ։

Տիգրան Ավինյանն իր հայտարարագրում տեղեկացրել է նաև տիկնոջ բիզնեսների մասին՝ նշել, որ Մարիամ Պահլավունին 2021 թվականից հանդիսանում է «Լավ Փրոդաքթս» ընկերության 34 տոկոս բաժենմասի շահառուն, ինչպես նաև՝ նույն ընկերության տնօրենը, իսկ 2023 թվականից՝ «Բարուր Թոյզ» ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է և դարձյալ ընկերության տնօրենը։

Ինքը՝ Մարիամ Պահլավունին, իր հայտարարագրում ևս հիշատակել է տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի՝ անհատական բնակելի տան մասին։ Նա նաև նշել է 2020 թվականին գնված 2017 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մեքենայի մասին։

Մարիամ Պահլավունին իր հայտարարագրի փոխառությունների բաժնում նշել է «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ի մասին, որը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ արդեն անվանափոխվել է «Բարուրի» և 2023 թվականից 100 տոկոս բաժենամասով պատկանում է հենց նրան։

Պաշտոնյայի տիկինը հաշվետու տարում ունեցել է 3 ավանդ՝ 44 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր ծավալով, և 1 միլիոն 300 հազար դրամ կանխիկ միջոցներ։

Նրա հաշվետու տարվա՝ 47 միլիոն 365 000 դրամ եկամուտներն էլ գոյացել են «Բարուր»-ից ստացած 865,000 դրամ աշխատավարձից և սկեսուրից՝ Հասմիկ Խլղաթյանից ու սկեսրայրից՝ Արմեն Ավինյանից ստացած փոխառություններից՝ համապատասխանաբար՝ 4,5 միլիոն և 42 միլիոն դրամի չափով։ Փոխառության մնացորդի չափ է նշվել 46 միլիոն 500 հազար դրամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more