▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախթալան` խորովածի համաշխարհային մայրաքաղաք

Լոռու մարզի Ախթալա քաղաքում 5-րդ անգամ անցկացվեց Խորովածի փառատոնը, որի ընթացքում ներկայացվեց ավանդական խորովածը՝  նորովի լուծումներով:

Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասանները՝ Աշոտ Բագրատունու և թագուհու կերպարներով, ազդարարեցին փառատոնի սկիզբը՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ չմոռանալով շնորհավորել երեկ՝ ՀՀ ֆուտբոլի՝ Չեխիայի  հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի առիթով:

Ապա ողջույնի խոսքով հանդես եկան  Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը,  Գուգարաց թեմի առաջնորդարանի ներկայացուցիչը, Հայ խոհարարական  ավանդույթների  զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ երբ սկսեցին փառատոնը, կասկածում էին՝ կկայանա, թե ոչ, սակայն, շնորհիվ ժողովրդի, նրա աշխատասիրության և սիրո, ամեն ինչ հաջող է ընթացել և ընթանում.

«Որպես տնտեսության զարգացման  այլընտրանքային ճյուղ կարևորում ենք զբոսաշրջության զարգացումը»,-խոսքում նշեց Արթուր Նալբանդյանը:

Ախթալայի քաղաքապետն էլ, լրացնելով նրա խոսքը՝ փաստեց, որ նպատակը տնտեսության և տուրիզմի զարգացումն է:

Հայ խոհարարական  ավանդույթների  զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ,  նախ շնորհավորեց բոլորին՝ տոնի կապակցությամբ,  ապա հայտնեց, որ Ախթալան հռչակվում է խորովածի համաշխարհային  մայրաքաղաք՝ մանրամասնելով.

«Աշխարհի շատ վայրերում  նման մրցույթներ են կազմակերպում, բայց ամենահինն Ախթալան է, ուստի, սեպտեմբերի առաջին շաբաթը հռչակում ենք խորովածի համաշխարհային մայրաքաղաք»:

ASEKOSE.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է կատարվում որոշակի վայրում այս կամ այն փառատոնի կայացման ընտրությունը՝ Սեդրակ Մամուլյանը պատասխանեց, որ սա պետական ծրագիր է.

«Իրականացվում է Հյուսիսային դարպասներ ծրագրի շրջանակներում, իսկ հիմքում զբոսաշրջության և տարածքների  համեմատական զարգացումն է»:

Փառատոնին ներկա էին զբոսաշրջիկներ, օտարերկրյա լրատվամիջոցներ, ՀՀ մի շարք քաղաքացիներ: Միջոցառման ավարտին հանձնվեցին մրցանակներ՝ «Լավագույն մտահղացում», «Լավագույն տեսք», «Լավագույն համ», «Լավագույն ավանդական խորոված», «Լավագույն սկսնակ թիմ», «Լավագույն տաղավար», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում, իսկ գլխավոր մրցանակին արժանացավ 170 միավոր վաստակած «Հազարաշեն» ռեստորանը՝ Ջորջ Օդոյի գլխավորությամբ:

Իսկ փառատոնի պատվավոր հյուրին՝ ԱՄՆ դեսպանին, Լոռու մարզպետարանի կողմից նվիրեցին հայկական մանղալ:

Ելույթով հանդես եկան Ալավերդու «Լազուր» ժողովրդական գործիքների անսամբլը, The Beautified Project–ը և մի շարք թատերական և պարային խմբեր:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more