▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս անտանելի է դառնում մարդկանց վերջին բեկորները հիմարացնելու ցինիզմը

 Փաստորեն տրամաբանությունն էլ է չեղյալ հայտարարվել չավետյաց երկրում: Ես չեմ հասկանում, մի՞թե հացադուլն ինքնին բարոյականության շղարշ կարող է ստեղծել ու ներկայանալ որպես զսպաշապիկ: Թերեւս: Բայց արի ու տես, որ տարրական տրամաբանությունը նույնպես վերացած է:

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել որ ի՞նչ անի....

Տրամաբանությունը հուշում է, որ նախագահի ընտրության ժամանակ իր հաղթանակն իր ձեռքից խլած մարդուց պահանջի հեռանալ եւ վերականգնի իր ու իր ընտրողների սահմանադրական իրավունքը: Բայց նա չի պահանջում, ասում է՝ Բարեւ Հայաստան... Է՜, բարեւ, բարեւն Աստծունն է, միգուցե նաեւ հույժ գաղտնի պլան, ծրագիր, որ մեզ հասու չէ: Իսկ հացադուլն ինքնին սոսկալի, ծայրահեղ քայլ է, այն պատկառանք է ներշնչում ու փշաքաղվելու չափ կանխատեսելի է իր վճռականության վերջնարդյունքում... Նորից կրկնեմ, որ Ազատության ու անկախության համար պայքարի պատմության ամենացայտուն օրինակը իռլանդացի երիտասարդների հացադուլն էր... Այդ քայլին գնալու որոշումը շատ ծանր է ու չափազանց պատասխանատու: Հայաստանում ամեն ինչ, ամենասակրալ բաները անգամ շատ հանգիստ արժեզրկելու եւ բարոյալքելու ավանդույթ կա: Բայց էդ էլ հեչ:

Կոնկրետանալով Րաֆֆի գործողությունների վրա, ՍՏԻՊՎԱԾ եմ ուղղակի հիշեցնել նրա հայտարարությունը, որը իրոք սահմռկեցուցիչ է տվյալ համատեքստից հանած: Նա հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա միայն իր դիակի վրայով:

Այս հայտարարությունը, այս վճռական ու չափազանց պատասխանատու ակտը չի կարող փոխաբերական իմաստ ունենալ եւ հենց այդ պատճառով է ի զորու ակնթարթ կանգնեցնել, ժամանակ դանդաղեցնել, միտք արգելակել... Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրան հավատացող հանրության նպատակը կոնկրետ է՝ նախագահի ընտրության արդյունքների հետ անհամաձայնություն եւ պայքար՝ ըստ այդմ: Բայց արի ու տես, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր բանակցությունների ծիրին մեջ պաշտոններ է պահանջել: Հասկանում ենք, շատ կոնկրետ փոփոխություններ ենթադրող լծակներ են դրանք, որ ի դեպ, հասկանում է նաեւ նրա ախոյանը... Պարզվում է, որ հացադուլից այն, Րաֆֆին ապրելու եւ գործելու այլ ծրագրեր ունի: Փառք Աստծու:

Բայց պաշտոններ պահանջելու հայտարարությունն էլ մի կողմ, որը կարող ենք համարել հնարք: Նա շատ լուրջ պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին:

Այստեղ արդեն առնվազը խճճվում եմ:

Բայց մարդը կոնկրետ պահանջով կոնկրետ ակտ է իրականացնում Ազատության հրապարակում, շատ վճռական հայտարարությամբ՝ միայն իմ դիակի վրայով.... մարդու արյուն է սառում երակների մեջ այս հայտարարությունից... Եվ մեկ էլ՝ քաղաքապետի պաշտոնի հավակնություն.... Կներեք, սիրելի ընթերցողներ, բայց այլեւս անտանելի է դառնում մեր երկրի ամենաթանկ ռեսուրսը, մարդկանց վերջին բեկորները հիմարացնելու այս բացահայտ ցինիզմը:

Գայանե Առուստամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more