«Բարգավաճ Հայաստան»-ի հանրահավաքն՝ Ազատության հրապարակում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից տնտեսական որոշակի սահմանափակումներին՝ Հայաստանի նկատմամբ, կարծիք հայտնեց՝ այդպիսով Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին, զուգահեռաբար՝ պաշտպանում է իր շահերը ԵՄ-ի հետ մերձենալու՝ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ֆոնին։
«Ռուսաստանը ոչ թե միջամտում է, այլ ասում է հետևյալը՝ «Նիկոլ Փաշինյան, որոշել ես ազգիդ «փուռը տալ», որոշել ես այդպես անել, բայց դա չի լինելու մեր հաշվին»։ Իրենք ասում են՝ «գնում եք ԵՄ՝ գնացեք, բայց գազը, օրինակ, 177 դոլարով չեք առնի, կառնեք 600 եվրոյով։ Կամ ասում են՝ ունեք հարյուր հազարավոր միգրանտներ, որոնք հատուկ արտոնություններով աշխատում են Ռուսաստանում։ Իսկ մենք մարզեր ունենք, որոնք մեծապես կախված են արտագնա աշխատանքից։ Այս տարիների ընթացքում կարելի էր աշխատատեղեր ստեղծել մարզերում, որպեսզի մարդիկ ստիպված չլինեին գնալ իրենց «չսիրած» Ռուսաստանում աշխատելու»,- ասաց Աբովյանը։
Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը, թե պատրաստվում են Հայաստանին տրամադրել ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթ, Աբովյանը շեշտեց՝ Հայաստանը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների վնասներ է կրում ու կրելու, իսկ այս օգնության նպատակը ընդամենը Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու համար գործադրվող ջանք է։
«Խառնվել են իրար, Ուրսուլա ֆոն դեր Լայենը ափալ-թափալ՝ 50 միլիոն եվրո է ուղարկում։ Հայաստանը մի քանի միլիարդի կորուստ է տանում, սրանք 50 միլիոն ուղարկում են, որ էս երկու օրը մի կերպ էս իշխանությանը պահեն»,- ասաց Արման Աբովյանը՝ շեշտելով՝ իրականությունը պարզ է ու հստակ. այս իշխանությունը ձախողել է ամեն հարցում, ուստի պետք է հեռանա։


