▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարակամ մարդկանց ձեռքի գործն է. ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը հերքում է

ASEKOSE.am-ն այսօր նամակ է ստացել, որով մի խումբ  համալսարանականներ իրենց մտահոգությունն են արտահայտել ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի գործունեութան վերաբերյալ:

«ԵՊՀ աշխատակազմի ղեկավար` ԱլիկՂարիբյանի նոր «հերոսությունները» վերնագրով նամակում մասնավորապես ասվում է.

«Վերջին շրջանում նոր թափ են առել նրա կողմից իրականացվող անօրինականությունները մայր բուհում: Հատկանշական է այն փաստը, որ նա ամեն տեղ «գլուխ է գովում» և ասում, որ իր հովանավորը և համատեղ բիզնեսի փայատերն է ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվական վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ում միջնորդությամբ էլ ՀՀ Պաշտպանության Նախարարը Ալիկ Ղարիբյանին «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրեց, որը մեզ` համալսարանականններիս, ավելի բարկացրեց, քանի որ ԵՊՀ-ում ավելի արժանիները կային»:

Նամակում նաև նշվում է, որ «նրանց (Ալիկ Ղարիբյան-Վարդան Ավետիսյան) է պատկանում ԵՊՀ-ի բուֆետների  գործունեությունը, ԵՊՀ տարածքում գործող բացօթյա սրճարանները, սուրճի ապարատները, պատճենահանման կետերը, ինչի մասին արդեն գրվել է համացանցում, բայց ոչինչ չի փոխվել:

ASEKOSE.am-ի թղթակիցը նշված հարցերի վերաբերյալ պարզաբնում է խնդրել ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանից:

Մեզ հետ զրույցում աշխատակազմի ղեկավարը հերքեց վերը նշվածը, նշելով, որ նամակը չարակամ մարդկանց ձեռքի գործն է:

Ինչ վերաբերում է նամակի հեղինակների պնդումներին, թե  ԵՊՀ-ում նա մի շարք բիզնեսներ ունի՝ մասնավորապես ԵՊՀ  բուֆետները, բացօթյա սրճարաններն ու սուրճի ապարատները, Ալիկ Ղարիբյանի խոսքով՝

«Նախկին գործընկերոջ հետ, ում հետ աշխատում էինք ԵՊՀ-ում, դատական վիճաբանություն ենք ունեցել: Մամուլն անդրադարձել է դրան: Խնդիրն այն է, որ մենք  պահանջում էինք սննդի գների իջեցում, որակի բարձրացում, վերանորոգման աշխատանքների իրականացում,  ծառայությունների բարելավում և այլն, որովհետև մեր ուսանողները և աշխատակիցները նախընտրում էին այլ տեղերում սնվել: Ընդ որում՝  բողոքները եղել են համընդհանուր: Ես՝ որպես աշխատակազմի ղեկավար, զբաղվում եմ պայմանագրային հիմունքներով՝ նաև վերահսկելով  ԵՊՀ-ի հետ գործունեություն ծավալած ընկերությունների պարտականությունների կատարումը»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ «Բարև լանչ» ընկերությունն իր պարտականություններում թերանալուց զատ՝ նաև 8 մլն դրամի պարտք է կուտակել:

«Մենք պահանջել ենք վճարել: Վճարումները պարբերաբար չեն կատարվել, և մենք ստիպված ենք եղել դիմել դատարան՝ պայմանագիրը խզելու համար: Ի դեպ՝ նախկինում «Բարև լանչ» ընկերությունն  ամբողջությամբ զբաղեցրել էր տարածքները, հիմա մենք մի քանի ընկերությունների ենք հրավիրել, այսինքն՝ մոնոպոլիան վերացրել ենք: Երեք ընկերությունների հետ  բանակցում ենք: Արդյունքում՝ այդ ընկերությունները վերանորոգան աշխատանքներ են իրականացնելու:  Ընդ որում՝ եթե նախկինում «Բարև լանչ»-ը  ֆինանսական ներդրումները  պայմանագրով ամրագրում էր ԵՊՀ-ի վրա՝ որպես ծախսային հատված, այժմ մենք նախապայման ենք դրել, որ ԵՊՀ-ի  վրա որպես ծախսային հատված այլևս չի ամրագրվելու: Ամենակարևորը՝  վերնորոգումից հետո խիստ վերահսկողություն ենք սահմանելու սննդի որակի և գնային քաղաքականության վրա: Մենք կրկին  շուկան  ուսումնասիրելու հանձնարարություններ ենք տվել ընկերությունների ղեկավարներին և մասնագետներին: Նրանք էլ համապատասխան ճշտումներ կատարելուց հետո կներկայացնեն ճաշացանկի գնային քաղաքականությունը, որից հետո միայն մենք համաձայնություն կտանք այդ ընկերությունների հետ աշխատելու»:

Ալիկ Ղարիբյանը  նմանատիպ խոսակցությունները հերյուրանք է համարում.

«Կան մարդիկ, որ չարակամ են և իմ գործունեությունից դժգոհ են: Բնականաբար,  եթե ես պարտադրում եմ այդ ընկերությանը վճարել պայմանագրով նախատեսված իրենց պարտավորություններով սահմանված գումարները և պաշտպանում եմ ԵՊՀ ուսանողների ու պետական շահը, մարդիկ կլինեն, որ խիստ անհանգստացած կլինեն իմ գործունեությունից և կփորձեն չարակամություն դրսևորել: Դա իմ բիզնեսը չի, ինչպես շատերը որակումներ են տալիս և շատ վիրավորական է»:

Իսկ պատճենահանման սարքերը, ըստ աշխատակազմի ղեկավարի՝  պատկանում են «ԵՊՀ շրջնավարտ» ՍՊԸ-ին և իր հետ որևէ առնչություն չունեն:

Ինչ վերաբերում է Վարդան Ավետիսյանի հետ կապին, Ալիկ Ղարիբյանը նշեց, որ հավանաբար պաշտպանության նախարարության հետ իր համագործակցությունն ու աշխատանքն է  հերյուրանքների առիթ դարձել:

« Պարոն Ավետիսյանի նկատմամբ ես խորը հարգանք ունեմ: Եթե որոշ մարդիկ փորձում են կապ տեսնել, դա իրենց անձնական խնդիրն է: Ես չեմ կարող հետևել, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ունի: Պարոն Ավետիսյանն իր աշխատանքն է կատարում  և կապ չունի ԵՊՀ սննդի կազմակերպման գործընթացի հետ»:

Մեր դիտարկմանը, թե նամակում նշված է, որ Վարդան Ավետիսյանի միջնորդությամբ է Ալիկ Ղարիբյանը «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվել, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Դա արդեն ծիծաղելի է:  Ես մեդալ ստացել եմ նաև ավելի վաղ: Նաև  Հայկական բանակի 20-ամյակի և «Գարեգին Նժդեհ» մեդալներ  եմ ստացել: Ես համակարգում  եմ նախարարության հետ աշխատանքները: Այդ մարդիկ, ովքեր չարախոսում են, ըստ երևույթին չեն տեսել, թե քանի անգամ եմ ես եղել  սահմանային զորամասերում: Ինչպես ենք ուսանողության հետ կապը ապահովում մեր զինվորների հետ, ինչպես նաև մեր  ակտիվ աշխատանքով փորձում  ենք բանակի կողքին լինել: Ես ՊՆ հասարակական խորհրդի անդամ եմ և պարբերաբար դասախոսների խմբեր եմ տանում զորամասեր: Այնպես որ, չարախոսություններն ընդամենն իմ աշխատանքի արդյունավետության վրա ազդելու միտում ունեն: եթե նրանք ձգտում են դրան, ապա, քավ լիցի, նման բաները չեն ազդում իմ աշխատանքի որակի վրա»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more