▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը

Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, և նրա ընկերը` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը, այս մասին գրում է «Օրագիր նյուզ»-ը։ Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

***

Նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի համայնքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, հնարավոր է, իրենց մոտ թմրանյութ ունենան։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ժամանել են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալել են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջունյանին։

Վերջիններս «Opel»-ով տեղափոխվել են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։ Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Կայքի տեղեկություններով, Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար։ Նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:

Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը։

Կայքի տեղեկություններով, Վ. Խոջումյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հարազատ քեռու որդին է և Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Իսկ Պ. Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գյումրու ավագանու անդամ է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more