▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Վարուժան. «Ձոն»

 

 

1884թ-ի այս օրը ծնվել է 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը:  Ներկայացնում ենք «Ձոն» բանաստեղծությունը:

 

 

 

ՁՈՆ

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more