▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան գրառում է արել։

«Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, եւ որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա։ Վիրավորված չեմ նաեւ այն մարդկանցից, ովքեր քննադատաբար մոտեցան իմ հայտարարությանը։

Բայց ցանկանում եմ Ձեզ հայտնել կարեւոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է։ Այսօր լրատվամիջոցներից մեկին՝ Իրականում.am-ին տվել եմ հարցազրույց, կարճ ասել այդ մասին։ Հիմա հարկ եմ համարում պատմել մանրամասները։ Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 $, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։

Իմ հարցազրույցում էլ եմ նշել, որ 4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել։

Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք մեղմ ասած ստախոս են:

Որի պատճառով իմ տված տան բեհը կորավ…»,- գրել է Էրիկ Իսրայելյանը։

Մի քանի օր առաջ մարզիկը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։

Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել  բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհությունների թեմայով առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար:

«Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:  

Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:

Այսպիսով, բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:

Ի դեպ, «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում», - ասված է պարզաբանման մեջ:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more