▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրականության անջատման պատճառը Իրանից մեկուսացումն էր

Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ: 

Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Ժամը 13.51-ի դրությամբ Էլեկտրոէներգետիկական համակարգի «Օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր Մ. Մնացականյանից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր կենսապահովման օբյեկտները էլեկտրաէներգիա ունեն: 

Ժամը 15.00-ի դրությամբ Երևանում և  մարզերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է: 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում մասամբ ասվում է. «Նոյեմբերի 2-ին ժամը 10.24-ին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից: Այդ տեխնիկական պատճառով հանրապետությունում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։
Տեղեկացնենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Ուստի այս օրերի ընթացքում Իրանից Հայաստան էր ներկրվում 190 ՄՎա հզորությամբ էլեկտրաէներգիա։ Տեղի ունեցած մեկուսացման արդյունքում Հայաստանի էներգահամակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 Հց, որի պատճառով էլ տեղի էին ունեցել հոսանքազրկումները։ Ժամը 10.26-ին Իրանի և Հայաստան էներգահամակարգերի միջև վերականգնվել էր զուգահեռ աշխատանքը։ Ժամը 11.30-ին արդեն վերականգնվել էր հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը։ Այժմ աշխատանքներ են ընթանում մյուս սպառողների էներգամատակարարումը վերականգնելու համար։ Միաժամանակ ընթանում է մասնագիտական քննություն՝ կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար »:

    

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more