▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը դատապարտել է Գրիգոր Երիցյանին ավագանու մանդատից զրկելը

Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայտարարությունը․

«ԵՄ-Հայաստան քաղհասարակության (CEPA) պլատֆորմը դատապարտում է Երևան քաղաքի ավագանիում իշխող կոալիցիայի 10․09․2024թ-ին ընդունած որոշումը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու մասին։ Գրիգոր Երիցյանը քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներից է, Հայաստանի եվրոինտեգրման օրակարգի հետևողական ջատագով, ԵՄ-Հայաստան քաղհասարակության (CEPA) պլատֆորմի փոխարինող անդամներից։

Այս հակաժողովրդավարական որոշման մեջ առկա հղումը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի վրա համոզիչ չի հետևյալ պատճառաբանությամբ: Թեև Գրիգոր Երիցյանը բոյկոտել էր ավագանու իրավական հարցերով հանձնաժողովի նիստերը, որտեղ իր համար ստեղծվել էին աշխատանքի համար անտանելի հոգեբանական պայմաններ, նա մասնակցել է գրեթե բոլոր լիագումար նիստերին և ելույթների, առաջարկությունների ծավալի տեսակետից ավագանու ամենաարդյունավետ անդամներից է եղել։

Մեզ համար ակնհայտ է, որ Գրիգոր Երիցյանը զրկվել է մանդատից ոչ թե «չաշխատելու», այլ հենց ակտիվ աշխատելու և Երևանի քաղաքացիների մտահոգությունները Երևանի ավագանու լիագումար նիստերին բարձրաձայնելու համար։ Այսինքն, նա եղել է իշխանության համար «անհարմար» գործիչ։ Մինչդեռ կան ավագանու այլ անդամներ, այդ թվում՝ ընդդիմությունից, ովքեր ընդհանրապես չեն մասնակցում ոչ միայն հանձնաժողովի աշխատանքներին, այլև լիագումար նիստերին, որոնց, սակայն, Երևանի ավագանիում իշխող կոալիցիան չի զրկում մանդատից։ Ինչը փաստում է քննարկվող գործընթացի ընտրովի և խտրական լինելու հանգամանքը։

Վերոնշյալի հիմքով կարող ենք պնդել, որ Գրիգոր Երիցյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելը քաղաքական հաշվեհարդար է, որը հարիր չէ ժողովրդավարական երկրի ընտրովի ինստիտուտներին, առավել եւս՝ Եվրոպական ինտեգրման ջատագով քաղաքական ուժերին։

Պահանջում ենք

- Երևանի ավագանուց վերանայել իր որոշումը և վերականգնել իրենց ձայնը ավագանիում հնչեցնող Գրիգոր Երիցյանին երևանցիների տված մանդատը։ Թեև օրենքը սահմանում է նման հնարավորություն, այդ դրույթի կիրառությունն այս պարագայում չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։ Երևանի ավագանիում Գրիգոր Երիցյանի գործունեության գնահատականը կարող են տալ բացառապես երևանցիները հերթական ընտրություններում:

Կոչ ենք անում

- ՀՀ ԱԺ-ին փոխել դեռ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում ընդունված Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի այն հակաիրավական դրույթը, ըստ որի «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ․․․ հանձնաժողովի նիստերի կեսից»,- նշված է տեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more