▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հրավերք ստացա Հայաստանից՝ ուրախությունից անգամ արտասվեցի. Աշոտ Սարդարյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցներ Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական ռադիոյի «Մերոնք» հաղորդաշարից, որի հյուրն այս անգամ Լյուքսեմբուրգի «Ժյունես» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը:

 

-Երբ եւ որտեղ սկսվեցին ֆուտբոլային ձեր առաջին քայլերը:

-Ֆուտբոլ սկսել եմ պարապել 7 տարեկանից:Գերմանիայում ,չիմանալով լեզուն ինքնուրույն գնացի եւ հասկացրեցի,որ ցանկանում եմ ֆուտբոլ պարապել. առաջին պարապմունքի ժամանակ մարզիչը նկատեց, որ մեջս ֆուտբոլային որակ կա. էդպես սկսվեց ֆուտբոլային կարիերաս:

-Համբուրգում ձեր տարիքայինների մեջ արդեն ճանաչված ֆուտբոլիստ,դժվար չէր արդյոք եւ կար արդյոք հիասթափություն, երբ տեղափոխվեցիք Ֆրանսիա, քանի-որ կրկին նոր լեզու, նոր շրջապատ...

-Այո,իհարկե, շատ դժվար էր. նոր լեզու, նոր ընկերներ, բայց կարողացա հաղթահարել այդ ամենը եւ 2010թ.-ին ճանաչվեցի Ֆրանսիայի Լոռենի մարզի լավագույն ֆուտբոլիստ եւ ռմբարկու:

-2011-2014թ.թ. հանդես եք եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում: Ինչ զգացիք , երբ ասացին, որ ձեզ ներգրավել են հավաքական:

-Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կյանքում գոնե մեկ անգամ այդ զգացողությունն ունենա: Դա աննկարագրելի պահ է: Երբ հրավերք ստացա՝ ուրախությունից անգամ արտասվեցի:

-Ի սրտե մաղթում եմ, որ հանդես գաք նաեւ ազգային հավաքականի կազմում:

-Շնորհակալ եմ. դա իմ կյանքի երազանքն է:Այժմ ես իմ բոլոր ուժերը ներդնում եմ իմ ակումբում լավ հանդես գալու համար, որպեսզի իմ առջեւ հնարավորություն բացվի հրավերք ստանալ նաեւ ազգային հավաքականից:

-Դուք հանդես եք եկել թե Գերմանիայում, թե Ֆրանսիայում եւ թե Հայաստանում:Ինչ կասեք հայկական ֆուտբոլի մասին, եթե համեմատենք գերմանական եւ ֆրանսիական ակումբների հետ:

- Հայկական ֆուտբոլը եւս վերելք է ապրում:Արդեն մի քանի տարի է Ավանում գործում է ֆուտբոլի ակադեմիա, որը ոչնչով չի զիջում եվրոպական բազաներին. ամեն պայման ստեղծված է, որպեսզի ֆուտբոլիստը մտածի միայն ու միայն ֆուտբոլ խաղալու մասին:

-Նանսիի հայ համայնքը նախաձեռնում է Հոմենթմենի սպորտային միության բացումը:Արդյոք առաջարկել են ձեզ զբաղեցնել ֆուտբոլի մարզչի պաշտոնը:

-Այո, ի ուրախություն բոլորիս, համայնքի ղեկավարությունն ամեն ինչ անում է տեղի երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար:Ինձ առաջարկեցին զբաղեցնել մարզչի պաշտոնը, որը մեծ ուրախությամբ ընդունեցի, հասկանալով սակայն,որ աշխատել որպես մարզիչ դժվար կլինի,քանի-որ ես չունեմ այդ փորձը,բայց կանեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ իմ փոքրիկ ներդրումով օգուտ տալ մեր երեխաներին:

-Որպես Ֆրանսիայում որոշակի հաջողությունների հասած երիտասարդ, ինչ կմաղթես հայ երեխաներին:

-Կցանկանամ, որ նրանք կյանքում երբեք հուսախաբ չլինեն ու որքան ուժ ունեն ներդնեն, որպեսզի հասնեն մեծամեծ հաջողությունների:

Պատրաստեց Մերինե Թադեւոսյանը

Ֆրանսիա, Նանսի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more