▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Նունեն կորցրեց ժողովրդի սերը

Հատուկենտ բացառությունները հանած` զգացիք, թե ինչպիսին էր հասարակության արձագանքը Նունե Եսայանի համերգի նկատմամբ, որ տեղի ունեցավ ամսի քսանմեկին` Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակներում Հանրապետության հրապարակում: Միանշանակ բացասական կարծիքները գերակշռող էին:

Նույնիսկ եթե այդ օրը Հանրապետության հրապարակում Բաքվից երգիչ-երգչուհիներ հրավիրեին, երևի ժողովուրդն ավելի լավ արձագանքեր, քան արձագանքեց Նունեի համերգին:

Պարզ մի բան ըստ էության արձանագրվեց. հայրենասիրական երգերով այլևս չես խաբի ժողովրդին, երբ սիրտդ ես բաց պահում քեզ ցեղասպանություն <<նվիրած>> պետության առաջ, կամ երբ թիկունք ես դարձնում ժողովրդիդ` վաստակելով <<պալատական>> երգչուհու անուն հանուն պետական պատվերով համերգների մասնակցության և դրանցից եկած հոնորարների կամ տաշիրյան բնակարանների կամ դրանց դիմաց վճարված գումարների:

Մի խոսքով, այն պահից, երբ Նունեն իր և հասարակ ժողովրդի, պարզ քաղաքացու միջև անջրպետ անցկացրեց սեփական բարեկեցությունը նախընտրելով ժողովրդական սիրուց ու հարգանքից, նույն այդ ժողովուրդը, որ նաև հանդիսատես է, թիկունք դարձրեց երբեմնի իր կողմից սիրված երգչուհուց և նրան մեկուսացրեց պալատական նեղ շրջանակի մեջ:

Իսկ հայ հանդիսատեսը գիտի ինչպես սիրել ու մեծարել բոլորոնվեր կերպով, այնպես էլ արհամարհել ու անտեսել ամենայն անողոքությամբ: Ավելի անկեղծ, նույն պալատական շրջանակն իսկ սկսել է սարկազմի լեզվով խոսել երգչուհու հետ:

Այսպես, համերգին հրավիրված 131 պատգամավորներից համերգին մասնակցել է ընդամենը 6-7 պատգամավոր և իրավիճակը փրկելու համար պատգամավորների թափուր աթոռներին նստեցրել են ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներին` ապագա պալատականներին:

Այսքանը պետք է ապացույց լիներ Նունեին հասկանալու համար, թե ինչ է կորցրել ինքը մի ակնթարթում, որ վաստակել էր տարիների գնով` ժողովրդի սերն ու հարգանքը:



Արսեն Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more