Երեւանի կենտրոնում, Ֆրանսիայի հրապարկից դեպի Բաղրամյան պողոտա տանող կանգառում քիչ առաջ բախում է տեղի ունեցել ակտիվիստների եւ գծատերերի ներկայացուցիչների միջեւ։
«Երկիրն այսօր»-ի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է հրահրվել բախումը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարածքում այսօր շարունակվել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան, ու մինչ ակտիվիստները մոտենում էին ավտոբուսներին եւ միկրոավտոբուսներիան եւ փակցնում «Վճարել 100 դրամ» գրությամբ թերթիկներ, նրանց գործողությունները փորձում էին կասեցնել ինչ-որ մարդիկ։ Ակտիվիստների խոսքով, վերջիններս գծատերերի ներկայացուցիչներ էին։ Նրանց թվում մեկը ներկայացավ որպես «Երեւանտրանս» ընկերության տնօրեն։ Այս անձինք չէին թողնում, որ ակցիայի մասնակիցները մոտենան տրանսպորտային միջոցներին եւ երիտասարդներին հրում էին դեպի մայթ։ Ի վերջո հրմշտոցը վերածվեց բախման եւ ծեծկռտուքի, ընդ որում, տարածքում որեւէ ոստիկան չկար։
Ակտիվիստները տեղեկացրին, որ իրենք են ահազանգել ոստիկանություն։ Մեր լրագրողը եւս տեղից կապվել է ոստիկանության հետ եւ տեղեկացրել իրավիճակի մասին, ինչին ի պատասխան նրան ասել են, թե տարածքից ահազանգ չեն ստացել, դրա համար տեղում ոստիկան չկա։
Ոստիկանները ժամանեցին այն ժամանակ արդեն, երբ բախումը հանդարտվել էր։ Ու մինչ ակտիվիստները նրանց ցույց էին տալիս սադրանք հրահրած անձանց, որոնք արդեն տեղակայվել էին մոտակա սրճարանում, սադրիչները տարածքից «անհետացան»:
Բողոքի ակցիան կանգառում շարունակվում է: