▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու նախարարների վզին և խղճին է մնալու քարանձավների ավերվածությունը.Սամվել Շահինյան

«Այս տարի լրանում է մեր կազմակերպության 30 տարին և տասը տարի առաջ, երբ մենք հաշվետու զեկուցումներով հանդես էինք գալիս, թե ինչ ենք արել և ինչ պետք է անենք, այդ ժամանակ կարևորեցինք մի հանգամանք. Ավերվող քարանձավների փրկությունը նրանց կիրառության մեջ է»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով քարանձավների մասին` ասաց Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը, նշելով, որ քարանձավներն Հայաստանում ավերվում են անընդհատ և ամենուր, ինչպես, օրինակ, «Մոզրովի» քարանձավը:

«2004 թվականին  մենք շատ կոնկրետ որոշեցինք, որ պետք է քարանձավը տեր ունենա և դառնա մշակութային արժեք, որը ցուցադրում ենք և, այն, ինչ բնական է, պետք է պահպանի իր բնականությունը»,-ասաց Քարանձավագետների միության նախագահը:

Նրա խոսքով` «Ինկար» ՍՊԸ  քարանձավների օգտագործման ծարգրերի պատասխանատու Սմբատ Դավթյանին հաջողվեց հիմնվելով եվրոպական օրենքների վրա` քարանձավների շահագործման  այսօրվա  քաղաքակիրթ ծրագիր մշակել(խոսքը վերաբերում է «Մագիլի» քարանձավին): Հետո հայտնվում են մարդիկ, որոնց ձեռնտու չէ այս ամենը` ՀՀ-ն քաղաքակիրթ դարձնելու մեր միտվածությունը  և, նրանք  հայտարարում են, թե ինչ-որ չղջիկնրի ենք վնասում:

Ինչ վերաբերում է բնապահպաններին, ովքեր  վստահեցնում են, թե անթույլատրելի է շահագործել «Մագիլի»  քարանձավը,  Սամվել Շահինյանը նկատեց.

«Մագիլի» քարանձավն  աշխարհի արդեն գրանցված տասը քարանձավներից 7-րդն է իր երկարությամբ:  Այսինքն, այն հազվագյուտ է` գիտական տեսանկյունից: Նշում են, որ այն չղջիկների համար բիոտոպ է: Չի կարող կենսատոպ լինել մի միջավայր, որտեղ սննդի շղթան բացակայում է, որտեղ չկան ավտոտրոպները: Նրանք հայտարարում են, որ չղջիկներն ապրում են միայն «Մագիլի» քարանձավում: Ստում են. Չղջիկներն ապրում են ցանկացած ճեղքում, ցանկացած տեղ, նույնիսկ ոչ հեռու գտնվող լքված դպրոցի ձեղնահարկում»:

Քարանձավագետների միության նախագահը նշեց, որ «Մագիլի»  քարանձավի մշակութային շերտը ևս տակնուվրա են արել: «Անտեր է, եթե իշխանությունները կամ պետությունն են հսկում, որովհետև մեկը պետք է պատասխանտու լինի: Անանուն տերեր չեն լինում»-ասաց Սամվել Շահինյանը` հավելելով, որ բանալիներն այսօր գտնվում են Արենի գյուղի ռեստորաններից մեկի տիրոջ ձեռքում,ով օգտագործում է այն:

«Արդյունքում` ոսկրանյութ են հանել և այլ բաներ»,-շեշտեց բանախոսը` հավելելով.

«Այսօրվա երկու նախարարների(բնապահպանության և մշակույթի) վզին և խղճին է մնալու հետագայում թե’ «Մագիլի», թե’  «Մոզրովի»  և մնացած քարանձավների ավերվածությունը»:

Այսօր հրավիրված ասուլիսում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադառնալով թեմային` ասաց, որ ներկայացվում է մրցութային  փաթեթ և, եթե տեսնեն, որ լուրջ խոչընդոտներ կան, գործընթացը չեն իրականացնի: Նախարարը խոսքում նշեց, որ ամեն անգամ նման դեպքերում արհեստական աղմուկ է բարձրանում:  Այդպես էր և Գառնիի տաճարի մոտ  սրճարան կառուցելու որոշման դեպքում:

«Ամբողջ աշխարհում նման  վայրերում սրճարաններ, հուշանվերների խանութներ կան: Եթե չի խաթարվում հնագիտական շերտը, ապա կարելի է կառուցել: Հայաստանը պետք է հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա»,-շեշտեց  Հասմիկ Պողոսյանը:

Նշենք, որ «Մագիլի» քարանձավը վարձակալության հանձնելու մրցույթը տեղի կունենա մայիսի 5–ին:

                                                                           Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more