▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ապրիլի 9-ին բեկումնային իրադարձություններ չլինեն, կտրուկ անկում կարձանագրվի

Ազատության հրապարակում հնչող ելույթների տրամաբանանությունը հուշում է, որ հանրահավաքներին գնացող զանգվածների գիտակցության մեջ փորձ է կատարվում «ներարկել» մի թեզ, ըստ որի՝ ապրիլի 9-ը, որն ի դեպ, Սահմանադրությամբ նախագահի երդումնակալության օրն է, շրջադարձային է լինելու: Բնականաբար, ընդդիմությանը հանրահավաքի ղեկավարները փորձում են ամեն կերպ հանրությանը համոզել, որ իրենց ճնշումներով ու պայքարի միջոցներով կարելի է հասնել նախագահի ինքնաբացարկին, սակայն որքան էլ նրանք հայտարարեն, որ իշխանության ներսում լուրջ անհանգստություն կա ու դրանից բխող ճգնաժամ, կարծում եմ այս «վերլուծությունները» չափազանցված է:
Այն, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ երկրի երկրորդ դեմքը հանդիպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, խոսում է այն մասին, որ իշխանություններին անհանգստացնող միակ հանգամանքը երկրում անհարկի լարվածության դրսևորումներն են: Նպատակ չունենալով որևէ ձևով նսեմացնելու ընդդիմության պայքարը` պետք է ֆիքսել, որ հասարակության հետաքրքրությունը հանրահավաքների նկատմամբ ցույց է տալիս, որ երկրում բավականին շատ կուտակված խնդիրներ կան, որոնք ամեն դեպքում լուծում են պահանջում:
Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ծավալված հանրահավաքային պայքարը ցույց է տվել, որ միշտ չէ, երբ բեմահարթակից հնչող ելույթների տրամաբանությունը համընկնում է Ր. Հովհաննիսյանի սահմանած սկզբունքներին և գաղափարներին և ըստ այդմ՝ նրա իսկ կողմից նախանշվող ուղուն:
Մասնավորապես, ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի (ևս մի քանիսի) ելույթների տրամաբանության, ապրիլի 9-ը բեկումնային է լինելու: Նա իր ելույթներով կոչ է անում այդ օրը առավել համախմբված ներկայանալ` մարդկանց տրամադրելով մեծ փոփոխությունների:
Իհարկե, կարելի է ենթադրել, որ այդ օրը հանրահավաքն առավել բազմամարդ կլինի, ելույթներն առավել կոշտ, իսկ հավաքը նախոդներից տարբերվող, սակայն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ եթե իսկապես այդ օրը բեկումնային իրադարձություններ չլինեն, ապա այն բազմամարդությունը որն ապահովվել էր շրջադարձային զարգացումների տրամաբանությամբ, կտրուկ անկում կարձանագրի, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով:
Միգուցե առկա իրողությունների սահմաններում մի փոքր բարդ է պայքարի հստակ ուղիների մատնանշումը, սակայն պայքարի ընդհանուր տրամաբանության «սահմանումն» ու այդ ուղղությամբ շարժվելն առավել քան ցանկալի է:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more